Ազնավուրը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հետ
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը:
Դեսպան Ազնավուրը կարևորել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանն ընդգծել է նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Պարոն Գուտյերեսը նշել է իր և գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատել է գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում: