Ժյուրիի անդամներ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համապատասխանում է միջազգային չափանիշներին
Այսօր կայանալու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակների հանձնումը: Միջոցառման ժամանակ ելույթ է ունենալու մրցույթի առաջին մրցանակակիրը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ միասին:
«Մրցույթը ցույց տվեց, որ հետաքրքրությունը դեպի Հայաստան, Արամ Խաչատրյանի անվան մրցույթ` մեծացել է: Շատ պատրաստված երաժիշտներ մասնակցեցին մրցույթին»,- ասուլիսում ասաց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ` պրոֆեսոր Արմեն Սմբատյանը:
Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլ են անցել`Թանաբե Այակո (Ճապոնիա), Քրեֆթ Ջոանա Էմիլիա (Լեհաստան), Նակամուրա Դայչի (Ճապոնիա), Ռուդին Ֆյոդր (Ֆրանսիա/Ռուսաստան), Միլյուկով Պավել (Ռուսաստան):
Ժյուրիի անդամների խոսքով, մրցույթը համապատասխանում է միջազգային չափանիշներին, մասնակցել են տաղանդավոր, բարձրակարգ երաժիշտներ: Նրանք հույս ունեն, որ մրցույթը էլ ավելի կզարգանա, երկար կյանք կունենա ու հայ երաժշտական կյանքում իսկական իրադարձություն կլինի:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանն ասաց, որ մրցույթին մասնակցում էին երաժիշտներ, ովքեր արդեն բազմիցս մասնակցել են մրցույթների: «Նախորդ տարիներին այսպես չի եղել: Քանի որ համբավն արդեն տարածվել է ողջ աշխարհով, մեր մրցույթին շատերն են ցանկանում մասնակցել»,- ասաց նա:
Նշենք, որ մրցույթի մրցանակակիրները դեռ պարզ չեն, աշխատանքները շարունակվում են: Ինչպես նշեց Է. Թադևոսյանը, համերգի մեկնարկից մեկ ժամ առաջ (ժամը 18.00-ին) նոր կպարզվի, թե ովքեր են մրցույթի հաղթողները:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները դաշնակահարների համար. 1-ին մրցանակակիր` 15000 դոլար, 2-րդ մրցանակակիր՝ 10000 դոլար, իսկ 3-րդ մրցանակակիր` 5000 դոլար: Եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, պարգևատրվելու են դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով:
Մրցույթը, որն այս տարի «բաց» էր ջութակի համար, մեկնարկել է հունիսի 6-ին: Մրցույթին մասնակցում էին աշխարհի 20 երկրներից (Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելորուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից) բարձրակարգ ու տաղանդավոր մասնակիցներ:
Նշենք, որ նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: 2007 թվականից մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Նախորդող նորություններ` Հայտնի են Ա. Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցների անունները
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլ են անցել 14 մասնակից
Ա. Պողոսյան. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում