Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլ-ջրադուլը
«Նուբարաշենում» գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը: «Այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկին Ենոքյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է հացադուլն ու ջրադուլը», -փոխանցեց Ղլեչյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Ենոքյանին այցելության են գնացել աշխատակազմի իրավապաշտպանները, որոնց Ենոքյանը հայտնել է, որ իր գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, և այս պահին նրա հիմնական պահանջը` գործի վերանայումն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հետ ունեցած զրույցից հետո դատապարյալը վստահեցրել է, որ կդադարեցնի հացադուլը և կսպասի իր գործի հետագա զարգացումներին:
Հիշեցնենք, որ Մհեր ԵՆոքյանը հունիսի 11-ին հայտարարել էր հացից ու ջրից հրաժարվելու մասին: «…Այստեղ` «Նուբարաշենի» կլոր «գերեզմանոցում» 24 ժամ չորս պատերի մեջ փակված դատապարտյալիս համար ծայրահեղ քայլերը ևս սահմանափակ են: Ու քանի որ հացադուլը համարում եմ վաղուց արժեզրկված բողոքի ձև Հայաստանում և ինքս էլ հազվադեպ եմ կիրառել այն, հայտարարում եմ, որ հունիսի 11-ից հրաժարվելու եմ թե՛ ջրից, թե՛ հացից: Որպես բժիշկների ընտանիքի զավակ և ինքս էլ թերի բարձրագույն բժշկական կրթությամբ` գիտեմ, որ այդպես մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը տասն օր»,-գրել էր նա իր հայտարարության մեջ:
Մհեր ԵՆոքյանի այս արարքը մտահոգել էր մի խումբ մտավորականների, որոնք ասուլիսում կոչ արեցին ցմահ դատապարտյալին հրաժարվել այդ քայլից, «քանի որ ամեն ինչ կորած չէ»:
Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. Նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մասի` «1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20'000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ էլ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Նա բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մէջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով»:
Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված և պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանն արդեն մեկ տարի է` ազատության մեջ է:
Մայիսի կեսերին Ենոքյանի գործով ի հայտ եկան նոր հանգամանքներ. խուզարկման ժամանակ, իրեղեն ապացույցները գրանցելու ժամանակ ընթերականներ չեն եղել, իսկ այսօր էլ այդ իրեղեն ապացույցները չեն պահպանվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան