Խորհրդակցություններ Հովիկ Աբրահամյանի մոտ. Կողմերը չեն կարողանում որոշում կայացնել
«Հայկական ժամանակը» գրում է. «Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները երեկ խորհրդակցության էին հրավիրվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ` որոշելու, թե ինչպես պետք է ձևավորվեն ԱԺ միջազգային պատվիրակությունները: Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո, սակայն, կողմերը այդպես էլ ոչ մի որոշում չէին կարողացել կայացնել: Մեզ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պահանջել են, որ բոլոր պատվիրակություններում իրենք ներկայացված լինեն իրենց 5-ական պատգամավորներով:
Իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ հարցը պետք է քննարկվի իրենց խմբակցությունում, և հետո ներկայացվի Կոնգրեսի տեսակետը: …Անորոշ է մնում նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի հարցը: Աշխատակազմում լարված սպասում են, թե երբ է Հովիկ Աբրահամյանն աշխատանքից ազատելու ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանին և ում է նշանակելու նրա փոխարեն: Ակնկալվում էր, որ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենար դեռ անցյալ շաբաթ: Աբրահամյանը, սակայն, անհասկանալի պատճառներով հապաղում է: ՀՀԿ շրջանակներում չեն բացառում, որ այդ հարցում կարող է որոշակի հստակեցում լինել վաղը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որտեղ որոշվելու է ապագա կառավարության կազմը: Ամեն դեպքում, Վրեժ Գասպարյանի հետագա պաշտոնավարումը, մեղմ ասած, այնքան էլ ձեռնտու չէ իշխանությանը, նա խիստ խոցելի ֆիգուր է: Այս ընթացքում կայքերից մեկում խայտառակ մանրամասներ են հրապարակվել Գասպարյանի կենսագրությունից, որտեղ խոսվում է խոշոր գումարների շորթման և այլ մախինացիաների մասին»: