Քաղաքական հետապնդում, թե քրեական մեղադրանքներ
«Երկիր» թերթի փոխանցմամբ` ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու փաստը կարող է կապված լինել նրա քաղաքական գործունեության ակտիվացման հետ: «Իհարկե, պահի ընտրությունը կարող է որոշ կասկածներ առաջացնել»,- թերթի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը ու նշել, որ Վարդան Օսկանյանին և նրա ընտանիքին անձամբ ճանաչելով` խիստ կասկածում է, որ նա կարող էր ներգրավված լինել նման ծանր հանցագործության մեջ, բայց, քանի որ ծանոթ չէ գործի մանրամասներին, չգիտի` ինչ փաստարկների կամ ապացույցների վրա են հիմնված այդ մեղադրանքները, ապա իրավական գնահատականներ տալ չի կարող: «Եթե քրեական մեղադրանքներով քողարկվում է քաղաքական հետապնդումը, սա ինձ համար և ՀՅԴ-ի համար բացարձակապես անթույլատրելի և անընդունելի է, մենք միշտ նման երևույթներին դեմ ենք եղել և կլինենք: Բայց կոնկրետ իրավական բնույթի քննարկում ես չեմ կարող անել, որովհետև բացարձակապես ծանոթ չեմ մեղադրանքի բնույթին: Կասկածում եմ, սակայն, որ նման մեղադրանքները կարող են իսկապես Օսկանյանի վերաբերյալ լինել»: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած մեկնաբանությանն էլ, թե Հայաստանում քաղաքական հետապնդումների և քաղաքական պատվերների դարաշրջանն արդեն անցյալում է, ՀՅԴ պատգամավորն ասաց, որ «պարոն Շարմազանովի օպտիմիզմը չի կիսում»: