Ադրբեջանի ռազմական ագրեսիան և հայկական փորձագիտական մտքի թերիները
Վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում տեղի ունեցած իրադարձություններն ի դեմս Ադրբեջանի դիվերսիոն նախահարձակ գործողությունների՝ հայ իրականության մեջ բուռն արձագանք գտան և տարաբնույթ քննարկումների առիթ հանդիսացան:
Սա պայմանավորված էր ոչ միայն հայկական կողմի անդառնալի կորուստների իրողությամբ, այլև վերջին ընթացքում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների դինամիզմի պատճառների վերհանման և դրանց հակազդելու «դեղատոմսերի» մշակման անհրաժեշտության գիտակցմամբ:
Հայկական կողմի կրած կորուստները և Ադրբեջանի ռազմական ակտիվության սանձարձակ բնույթը հայաստանյան փորձագիտական շրջանակների ուշադրությունից չվրիպեց, սակայն ցավալի է այն, որ Ադրբեջանին հակազդելու միջոցների բարձրաձայնման հարցում մեր փորձագիտական միտքը հիմնականում չկարողացավ խուսափել ավելորդ զգացմունքայնությունից և շարունակեց մնալ արդյունավետ ռազմավարական հակազդման «քնի» վիճակում:
Վերոգրյալն առավել առարկայական կդառնա, եթե հատուկ ուշադրություն դարձնենք այն թեզերին կամ կարգախոսներին, որոնք շրջանառություն էին ստացել ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ փորձագետների մոտ:
Այս առումով համոզված ենք, որ ընթերցողին անծանոթ չեն «հայկական կողմը համարժեք պատասխան պետք է տա հակառակորդին», «սպանված հայ զինվորի փոխարեն 5 կամ 10 ազերիների կյանք» և այսօրինակ բնույթի այլ արտահայտությունները:
Անշուշտ, շատ դրական է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունները մեզանում անարձագանք չեն մնում և հասարակությունը դրսևորում է դրա դեմ պայքար մղելու կամք և ակտիվություն, իսկ բանակը կոշտ արձագանքում է և պատժում: Սակայն խնդիրն այն է, որ վերը նշված դրույթները բավականին խոցելի են և իրականում չեն նպաստում այն առաջնահերթությունների իրագործմանը, որոնք ծառացած են մեր առջև: Ի հավաստումն ասվածի՝ ստորև կներկայացնենք որոշ քննադատական նկատառումներ.
1. «Հայկական կողմը համարժեք պատասխան պետք է տա հակառակորդին» - այս դրույթը արտաքուստ գուցե թե անթերի է և լիովին բավարարում է հայ հասարկության սպասումներին և ՀՀ շահերի սպասարկմանը: Սակայն «զգացմունքազերծ» մոտեցման պարագայում հեշտությամբ կարելի է նկատել, որ այս դրույթը պաշտպանողների մոտեցումներում լատենտ տարբերակով առկա են մի շարք էական թերիներ: Բանն այն է, որ շարունակ բարձրաձայնելով «համարժեք պատասխան» հասկացությունը՝ մերփորձագիտական միտքը /հնարավոր բացառությունները չհաշված/ ցույց տվեց, որ համարժեքություն հասկացությունը մեկնաբանում է սիրողական կամ կամայական տարբերակով: Պատահական չէ, որ արդարև ցնցվելով Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիաների արդյունքում զոհ գնացած հայ զինվորների մահվան փաստից, տարբեր փորձագետներ անխուսափելի համարեցին համարժեք պատասխան տալու անհրաժեշտությունը, որը, սակայն, ներկայացրեցին առավելապես զգացմունքային մեկնաբանություններով: Շատերի համար համարժեք պատասխանը «1 հայ զինվորի դիմաց 5, 10 կամ ավելի ազերիների կյանքից զրկելն է» և այլն: Սակայն այստեղ հարցեր են առաջանում. ի՞նչ չափանիշների հիման վրա են համարժեքությունը ներկայացնում տարբեր քանակական ցուցանիշներով, արդյոք համարժեքության այսպիսի ըմբռնումը տեսականորեն մեզ չի տանում դեպի պյուռոսյան, այսինքն՝ ինքնակործան հաղթանակ, ո՞վ է իրավասու որոշելու, թե մեկ հայ զինվորի կյանքը որպես արժեք հավասար է հինգ կամ տաս ազերիների կյանքին:
2. Հայաստանյան փորձագետները հիմնականում չեն ներկայացնում այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնցով կհիմնավորվեր «1 և 5» կամ «1 և 10» հարաբերակցության համարժեքությունը: Համոզված ենք, որ այդպիսի չափանիշներ գտնելը սահմանակցում է անհնարինի ոլորտին, քանզի մարդկային կյանքի արժեքավորության ընկալումները զերծ չեն սուբյեկտիվությունից: Որդեկորույս ծնողի համար անգամ հազարավոր ազերի զինվորների մահը չի կարող պատշաճ սպեղանի լինել ինչ-որ իմաստով հավերժությամբ դրոշմված ցավը մեղմելու համար: Իսկ եթե դա չդիտարկենք զուտ անհատական մակարդակում և քննենք պետական, հասարակական մակարդակում, ապա այստեղ ևս համարժեքության ըմբռնումների տարբերությունները ակնհայտ կլինեն: Բանն այն է, որ, օրինակ, հայկական կողմը քանիցս փաստել է հայ զինվորի կյանքի չափազանց թանկ լինելը, մինչդեռ ադրբեջանական կողմն իր կրած կորուստներից, ինչպես փորձն է հուշում, «արժեքային ցավ» չի ապրում: Ստացվում է այնպես, որ անհասկանալի հիմքերով հայկական կողմը չափազանց «թանկ» ասելով երբեմն հասկանում է «1 և 5» կամ «1 և 10» հարաբերակցությունը, իսկ ադրբեջանական կողմի համար դա բնավ էլ համարժեքություն չէ: Համոզված ենք, որ վերոգրյալ հարաբերակցության պարագայում մենք գործ ունենք ոչ թե համարժեք, այլ քանակական առումով ասիմետրիկ պատասխանի հետ /իսկ եթե հիմք ընդունենք ադրբեջանական կողմի քանակական առավելությունը՝ միգուցե՝ սիմետրիկ/, ինչի իրագործման պարագայում մեր քաղաքացիների մոտ բանակի մարտունակության հանդեպ վստահությունը կարող է բարձրանալ: Սակայն հարցն այն է, թե արդյոք մեր խնդիրը միայն և միայն բանակի հանդեպ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքի դրական զարգացումն ապահովելն է: Բնականաբար՝ ո՛չ: Բանակը և պատկան մարմինները պետք է ոչ միայն այդ խնդիրը լուծեն, այլև այնպիսի գործողությունների ռազմավարական պլանավորում և իրագործում ապահովեն, որոնք ադրբեջանական կողմին «խաղաղության կպարտադրեն»: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ սպանված հայ զինվորի փոխարեն շուրջ մեկ տասնյակ ազերիների կյանքից զրկելով մենք չենք հարվածում թշնամու խոցելի կետերին, քանզի, ինչպես արդեն ակնարկել ենք, Ադրբեջանի համար սեփական զինվորի կյանքն արժեքային աստիճանակարգում խիստ ցածր հորիզոնականի վրա է: Համոզված ենք, որ մեր փորձագետներն իրենց ուշադրությունը պետք է կենտրոնացնեն ադրբեջանական կողմի խոցելի կետերը վերհանելու, դրանք «նշանառության» տակ պահելու և պատեհ առիթի դեպքում «հարված» հասցնելու հետ կապված խնդիրների վրա: Ասել կուզենք, եթե անարդարություն գործած մեկին հայհոյում ես և նա չի վիրավորվում /տվյալ դեպքում նկատի ունենք ազերի զինվորներին պատժելով և կյանքից զրկելով Ադրբեջանի իշխանություններին զգաստացնելը/, ապա պետք է անարդարի թույլ տեղերը ճանաչել ու դրանց ուղղությամբ աշխատանքներ տանել: Այլապես, առաջնորդվելով համարժեքության քանակական ցուցանիշներով, մենք չենք ունենա դիվերսիաներից զերծ սահմաններ և չգնդակոծվող գյուղեր:
3. Համարժեքության քանակական տարբերակը որպես ադրբեջանական կողմի վրա ազդելու հիմնական մեխանիզմ դիտարկելը ամենից առաջ վտանգավոր է մեզ համար: Այս դեպքում տեսականորեն մեծանում է պյուռոսյան հաղթանակի հավանականությունը: Բանն այն է, որ Ադրբեջանին համարժեք պատասխան հասցնելու քանակական տարբերակը ըստ էության ոչ մի լուրջ խնդիր չի լուծում, մանավանդ այն դեպքում, երբ Ադրբեջանը բավականին փորձառու է դարձել սեփական բանակի «մարտունակությունն ու ուժը» սեփական քաղաքացիների առջև ի ցույց դնել հայկական կողմից պատժի արժանացած ազերի զինվորների մահվան դեպքերը «ստեղծագործաբար» քողարկելու /բետոնե սալիկներ շուռ եկան, գետում խեղդվեց, հոսանքահարվեց և այլն/ առումով: Այս առումով պատկերացնենք հետևյալ մտացածին կամ խիստ երևակայական իրավիճակը. ենթադրենք, Ադրբեջանը լայնածավալ դիվերսիա է իրականացնում ու ինչ-որ հրաշքով բոլորիս կոտորում է, ու ենթադրենք Սփյուռքի մեր հայրենակիցների մեջ գտնվում են մի քանի հայրենասերներ, որոնց «ջանքերով» Ադրբեջանում բազմաթիվ երկրաշարժեր են գրանցվում ու նրանք նույնպես ամբողջությամբ կոտորվում են` բնականաբար բետոնե սալիկների տակ մնալով: այս արդյունքը մեր ունեցած խնդիրներից ո՞ր մեկն է լուծելու, բացի, իհարկե, այսպես կոչված «համարժեք պատասխան» տալու կրքի հագեցումը:
4. Հասկանալի է, որ Ադրբեջանի սանձազերծած ցանկացած դիվերսիա կամ ռազմական նախահարձակ գործողություն պետք է պատժվի և այդպես էլ լինում է: Հասկանալի է նաև այն, որ ՀՀ շարքային քաղաքացիները կարող են առաջնորդվել «համարժեք պատասխանի» քանակական տարբերակը կյանքի կոչելու հորդորներով: Սակայն անհասկանալին այն է, թե ինչ ու մեր փորձագիտական միտքը չի կարողանում դուրս գալ «համարժեք պատասխանի» այդօրինակ ըմբռնման տրամաբանության շրջանակներից: Այն, ինչը հասկանալի է շարքային քաղաքացու պարագայում, կարող է քննադատելի լինել փորձագետների դեպքում: Համոզված ենք, որ «համարժեք պատասխանի» քանակական տարբերակը չի կարող արդյունավետ լինել ներկայիս Ադրբեջանի և դրա «գրպանային» իշխանությունների ռազմական «ախորժակը» զսպելու կամ արկածախնդիր նկարագիրը փոխելու հարցում: Վերջիններիս ուղղությամբ պայքարելու առումով մեր փորձագետները /և ոչ միայն/ պետք է զբաղվեն Ադրբեջանին «խաղաղության պարտադրելու» արդյունավետ և կենսունակ ռազմավարական մշակումների կյանքի կոչմամբ, որոնց համատեքստում «համարժեք պատասխանի» քանակական տարբերակը կունենա սոսկ իրավիճակային արդարացվածություն և հայկական կողմի համար կլինի ոչ թե ռազմավարական առաջնահերթություն, այլ մարտավարական բացառություն, քանզի դրա անհրաժեշտությունը չի զգացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում