«Մարիաննա»-ի պայթյունի վերաբերյալ տեխնիկական քննությունն ավարտվել է. Տուժածը կոմայի մեջ է
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի գործարանում տեղի է ունեցած պայթյունի պատճառները պարզելու համար ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվել է տեխնիկական քննություն:
Ինչպես Panorama.am-ին հայտնեց ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, քննության արդյունքներն ամփոփվել են, ուղարկվել ոստիկանություն: Վաղն արդեն, ըստ Գրիգորյանի, տեխնիկական քննության արդյունքները կլինեն քննիչի ձեռքին: Միայն քննիչի թույլտվությունն ստանալուց հետո ԱԻՆ-ից կարող են հրապարակել իրականացրած քննության արդյունքները:
Հիշեցնենք, որ ընկերությունում պայթյունը տեղի էր ունեցել ուղիղ մեկ շաբաթ առաջ` հունիսի 7-ի առավոտյան: Նշանակված տեխնիկական քննության արդյունքները պետք է ամփոփվեին քառօրյա ժամկետում:
Նույն օրը պարզվել էր, որ պայթել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատան «Ե1» տիպի շոգեկաթսան: Նախնական տվյալներով պայթյունի պատճառը կաթսայի անվտանգության փականի խափանումն է: Դժբախտ պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից՝ 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ՝ Է. Ղազարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Panorama.am-ի թղթակցին «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ տուժածի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառություն:
Պայթյունի հետևանքով 57-ամյա աշխատակիցը բազմաթիվ վնասվածքներ է ստացել` գանգուղեղային, կրծավանդակի ծանր տրավմաներ, թոքի ու սրտի սալջարդ, որովայնային տրավմա` փայծաղի պատռվածքով, ներքին արյունահոսությամբ:
«Վիրահատության արդյունքում հեռացվել է փայծաղը, դադարեցվել է ներքին արյունահոսությունը: Մնացած վնասվածքների համար հիվանդը երկար ու ինտենսիվ բուժման կարիք ունի»,-ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր Արթուր Հովհաննիսյանը:
ԱԻՆ-ից նաև տեղեկացրել են, որ կաթսան բոլորովին վերջերս` 2012 թ. մայիսի 23-ին փորձաքննություն էր անցել արտոնագրված «Դամի» ՍՊԸ-ի կողմից, որտեղ փորձաքննության են ենթարկվել նաև «Նաիրիտ» ու «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունները: Նախարարությունը նաև պետք է պարզեր նաև «Դամի» ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացության հավաստիությունը:
Նախորդող հրապարակում`
Հայտնի է «Մարիանա»-ի պայթյունի պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները