Ս.Բագրատյան. Իմ ու Գ.Ծառուկյանի հարաբերությունները գերազանց են և ես շարունակում եմ ակտիվ կուսակցական գործունեությունս
Վայոց ձորի արդեն նախկին ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանն «ուղղակի ապշած է այն ապատեղեկատվությունից, որ այսօր հրապարակվել էր մամուլում»: Այս մասին Ս.Բագրատյանն ասաց Panorama.am-ին` մեկնաբանելով հրապարակումը, թե «Գագիկ Ծառուկյանին այնքան էլ հեշտ չի հաջողվել համոզել Սերգեյ Բագրատյանին, որ հրաժարականի դիմում գրի: ԲՀԿ-ի` կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Գ. Ծառուկյանը բոլորի ներկայությամբ «վերջին խոսքերն» է ասել Սերգեյի հասցեին, հետն էլ` «բայց դու խաբար ե՞ս եղել ոնց ես մարզպետ դառել, որ հիմա չես ուզում հրաժարական գրես…»:
Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև երկրապահ կամավորականներին, թե նրանք անձամբ այցելել են Գ.Ծառուկյանին Ս.Բագրատյանի համար բարեխոսելու: Բայց իրականությունն, ըստ Ս.Բագրատյանի, որում իսկապես մարզի երկրապահները ակտիվ դերակատարում ունեն, սա է. «Մայիսի 24-ին, երբ հայտարարվեց, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմելու Հանրապետականի հետ, մենք հասկացանք, որ պետք է հրաժարվենք պաշտոնից ու դա հասկանալի է ու նորմալ ընկալելի: Բայց երկրապահները պարոն Ծառուկյանի հետ հանդիպեցին լրիվ այլ պատճառով` Գագիկ Ծառուկյանը 6 մլն դրամով օգնել է, որպեսզի մարզում Երկրապահի հուշարձան բացվի, բայց մեզ չէր հաջողվել այս կապակցությամբ շնորհակալություն հայտնել կուսակցության նախագահին»,- ներկայացրեց Ս.Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի, հունիսի 1-ին ԲՀԿ մարզային կառույցի պատասխանատուները և երկրապահի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ նախագահին այդ շնորհակալությունը հայտնելու համար.«Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև նրա համար, որ որպես մարզպետ ես ևս աջակցել եմ այդ հուշարձանի կառուցմանը: Սա է եղել հանդիպման քննարկման հիմնական թեման ու որևէ ավելորդ բան, հատկապես այն, ինչ հիշատակվում է այդ աբսուրդ ապատեղեկատվության մեջ, տեղի չի ունեցել»,-ասաց նախկին մարզպետը:
Ս.Բագրատյանը հավաստիացրեց, որ այս պահին իր ու Գագիկ Ծառուկյանի միջև շատ ջերմ, ընկերական հարաբերություններ են ու ինքն ուղղակի չի հասկանում, թե ո՞վ կարող էր այդպես աղավաղել իրողությունը. «Մեր հարաբերությունները գերազանց են և ես շարունակում եմ ակտիվ կուսակցական գործունեությունս»,-հավելեց նա:
Ի դեպ, ԲՀԿ առաջնորդը ևս նախընտրական քարոզարշավի շրջանակում Եղեգնաձորում իր ելույթի ժամանակ նշել էր, որ իրեն ու Սերգեյ Բագրատյանին ոչ միայն կուսակցական գործունեությունն է կապում, այլև երկարամյա ընկերությունը:
Նախորդող` http://www.panorama.am/am/press/2012/06/14/hraparak3/
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում