Ինչո՞ւ են մարդիկ նախընտրում այն գազալցակայանները, որոնցում բացակայում են բաշխիչ աշտարակները
Բենզինի շուկայում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվել է «պրեմիումի» փոխարեն: Ինչպես Panorama.am-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը, տեսչության մասնագետները խախտումները բացահայտել են տեղում` երկու շարժական լաբորատորիաների միջոցով: «Մինչ օրս բոլորն ասում են, որ լիտրի մեջ են խաբում, բայց մենք հիմնականում արձանագրել ենք որակական, այլ ոչ թե չափագիտական խախտումները»,- ասաց նա:
Լ.Խալիկյանը տեղեկացրեց, որ այս տարվա մարտ-մայիս ամիսներին իրականացրած ստուգումների արդյունքում 5 կազմակերպություններում խախտումներ են հայտնաբերվել: Ըստ նրա` խախտումներ հայտնաբերելու դեպքում բենզալցակայանի գործունեությունը դադարեցվում է, և խախտումները վերացնելու ժամանակ է տրվում, բացի այդ տնտեսվարող սուբյեկտը ենթարկվում է վարչական տուգանքի:
Լ.Խալիկյանը հայտնեց նաև, որ տեսչությունը վերջին շրջանում ինտենսիվ ստուգումներ է իրականացնում գազալցակայաններում` ԱԳԼՃԿ-ներում, որպեսզի պարզի` բաշխիչ աշտարակներ տեղադրված են դրանցում, թե ոչ: Նշենք, որ բաշխիչ աշտարակների առկայության դեպքում սպառողին խաբելը գրեթե բացառվում է:
Տեսչության պետը ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը դեռ 2008 թ. ընդունել է որոշում այն մասին, որ բոլոր ԱԳԼՃԿ-երում պետք է տեղադրվեն բաշխիչ աշտարակներ, սակայն 2009 թ. ճգնաժամի հետ կապված հետաձգվել է բաշխիչ աշտարակների տեղադրումը: Տեսչությունը 2011 թ-ի հոկտեմբերից վերսկսել է ստուգումները:
Ըստ Լ.Խալիկյանի`նախքան ստուգումն ընդամենը հանրապետության 5 գազալցակայաններում են տեղադրված եղել բաշխիչ աշտարակներ: Սակայն այսօր արդեն գազալցակայանների 70%-ում տեղադրված են դրանք, մյուսներն էլ պարտավորվել են տեղադրել:
Նրա խոսքերով` բաշխիչ աշտարակներ տեղադրված գազալցակայաններն անվտանգ են, սակայն չգիտես ինչու մարդիկ նախընտրում են այն գազալցակայանները, որոնցում բացակայում են այդ աշտարակները և, բնականաբար, ավելի մեծ ռիսկեր է պարունակում: «Այն գազալցակայաններում, որտեղ բաշխիչ աշտարակ կա, թեյավճարը բացառվում է: Իսկ թեյավճար են տալիս, որպեսզի ճնշումը բարձրացնեն, մինչդեռ բաշխիչ աշտարակը հնարավորություն չի տալիս ավելի ճնշումով լիցքավորել: Իսկ երբ բացակայում է բաշխիչ աշտարակը, ապա լիցքավորում են ավելի մեծ ճնշումով, ինչն էլ կարող է գազի բալոնի պայթունի պատճառ դառնալ»,- ասաց Լ.Խալիկյանը: