Մկրտիչ Մինասյան. Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն սկսել է Հանձնաժողովի առաջարկությունների կատարումը
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանը համատեղ իրավական ակտով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրեր Երևանի «Փակ» շուկայում ստեղծված իրավիճակը, ավարտել է իր աշխատանքները ու ներկայացրել իր առաջարկությունները: Ըստ դրանց, Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն անհապաղ պետք է ձեռնամուխ լինի կառույցի մաքրման, ամրացման աշխատանքներին, ինչն էլ որ այժմ կատարվում է: Այս մասին Panorama.am-ին ասաց հանձնաժողովի նախագահ «Հայաստանի Ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պատասխանելով այն հարցին, թե Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն կատարո՞ւմ է իրենց առաջարկությունները:
Նրա խոսքով, հանձնաժողովի հիմնական գործն է եղել, որպեսզի ներկայացնի այն կարևորագույն քայլերը, որոնք պետք է արվեն` շինության ամրացում, նախագծի ներկայացում քաղաքաշինական խորհրդին ու մշակույթի նախարարությանը: «Մեր առաջարկությամբ մատնանշվում էր, որ հուշարձանն անհապաղ պետք է բերվի այնպիսի վիճակի, որպեսզի հետագայում բացառվեն որևէ փլուզում, այնուհետև ներկայացվի շենքի ամբողջական վերակառուցման նախագիծ»,- ասաց Մ. Մինասյանը: Նրա համոզմամբ, հնարավոր է շենքը վերականգնել այնպես, ինչպես եղել է նախապես:
Ճարտարապետի խոսքով, այժմ մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի պաշտոնյաները պետք է հետևեն, որ ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես որ առաջարկվել է Հանձնաժողովի կողմից:
Նախորդող նորություններ`
Նախարարություն. Կենտրոնական ծածկած շուկայի տարածքում երբևէ պայթեցման աշխատանքներ չեն իրականացվել
Մասնագիտական հանձնաժողովը «Փակ» շուկայի սեփականատիրոջն առաջարկներ է ներկայացրել