Փորձագետ. Ադրբեջանը սպառնում է շարունակել սադրանքները
«Պաշտոնական Բաքուն ոչ միայն հետ է կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից, այլ նոր նախապայմաններ է առաջադրում, ինչը չի բխում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների տրամաբանությունից»,- մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե՝ Ադրբեջանը կողմ կլինի շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը միայն այն դեպքում, եթե «հայկական զորքերը դուրս գան օկուպացված տարածքներից»՝ Panorama.am-ին ասաց փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ դեռևս 2011 թվականին Սոչիում կայացած եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որով կողմերն իրենց համաձայնությունն էին հայտնել շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննություն անցկացնելու մեխանիզմներ մշակել:
«Ավելին՝ այս տարի հունվարին նույն ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ, ի դեմս այլ հարցերի կողմերը վերահաստատեցին 2011 թվականին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանն ուղղակի հետ է կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ընդգծեց Տ. Աբրահամյանը:
Անդրադառնալով Ադրբեջանցի պաշտոնյայի այն դիտարկմանը, թե «եթե այդ մեխանիզմը այս պահին գործարկվի, ապա դրանով «ստատուս-քվոն» կպահպանվի, փորձագետը նշեց. «Եթե Մամեդյարովի հայտարարության այս հատվածը ներկայացնենք պարզ ու մատչելի ձևով, ապա ստացվում է. շփման գծում կայունության հաստատումը ձեռնտու չէ Բաքվին, քանի որ ըստ ադրբեջանական կողմի, դրա առկայության դեպքում ստատուս քվոն մնում է անփոփոխ, և քանի հակամարտությունը լուծված չէ, Ադրբեջանը մշտապես սադրանքների է դիմելու»:
Հարցին, թե՝ Մամեդյարովը նաև նշել է, որ «եթե Հայաստանը չի ցանկանում, որ իր զինվորները զոհվեն, ապա պետք է դուրս գա ադրբեջանական տարածքներից», փորձագետը նշեց. «Պաշտոնական Բաքուն կրկին շանտաժի քաղաքականության է դիմում: Սկսենք նրանից, որ մարդկային կորուստներ երկու կողն էլ կրում է, այլ հարց է, թե Ադրբեջանի համար ինչ արժեք ունեն ադրբեջանցի զինվորները: Հայկական կողմի խնդիրն է պայքարել ոչ թե ադրբեջանական սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի, այլ դրա կանխարգելման դեմ»: