Հ. Նաղդալյան. Սպասելիքներն այդքան էլ շատ չեն
«Կամաց-կամաց ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտում են իրենց իրական դեմքը. տարբեր ֆորմատով հանդիպումների ժամանակ ասում են մի բան, իսկ հետո՝ լրիվ հակառակը»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ի՞նչ սպասելիքներ կան հունիսի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից, մանավանդ, երբ այդ հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդես է եկել կոշտ հայտարարություններով, ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքերով, եթե մինչև հիմա ադրբեջանական կողմը քողարկված ձևով էր մերժում շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու գաղափարը, ապա այսօր նա դա անում է բացահայտ ձևով՝ պաշտոնական:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ Ադրբեջանն իր քայլերով ոչ միայն ապացուցեց, որ հետ է կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից, այլ որ շահագրգիռ չէ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի բացահայտման հարցում:
«Ադրբեջանը ռազմի դաշտում գրանցված պարտությունից անհանգիստ, մտածում է դիվանագիտական ճանապարհով դուրս գալ առկա նեգատիվ՝ մինուսային վիճակից և հիմա կիրառվում է միևնույն զենքը, գործիքը՝ որքան հնարավոր է շատ շանտաժի դիմել: Միևնույն ժամանակ Ադրբեջանը խիստ դժգոհ է այն բանակցային լուծումներից, որի առաջարկներով հանդես է գալիս միջազգային հանրությունը»,- հավելեց նա:
Նրա կարծիքով, այս ամենը հաշվի առնելով, առաջիկա հանդիպումից իր սպասելիքներն այդքան էլ շատ չեն:
Հարցին, թե՝ այս պարագայում ո՞րն են հայկական կողմից ձեռնարկվելիք քայլերը, ինչպե՞ս պետք է գործի հայկական կողմը, վերջինս ասաց. «Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին ու ձեռք բերված պայմանավորվածություններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան