Փողերը նվիրել են Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս»-ի համար, այդ բոլորը պարզ է. Սալբի Ղազարյանի հարցազրույցը
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից փողերի լվացման հատկանիշներով մայիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կանչվել է ԱԱԾ ցուցմունք տալու, սակայն հրաժարվել է խոսել:
ԱԱԾ-ում հնչած հարցերի, ստեղծված իրավիճակի ու դրա զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ
-Տիկին Սալբի, այսօր մամուլում տեղեկություն կար, որ Ձեզ հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, Դուք իսկապե՞ս հրավիրվել եք:
-Այո, կանչել են հարցաքննության:
-Ի՞նչ հարցերի շուրջ է եղել հարցաքննությունը:
-Հարցաքննությունը եղել է այս նույն հարցի շրջանակներում և այնտեղ, ինչպես երեք օր առաջ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ հաստատում էին, որ «Սիվիլիթաս»-ը խախտել է ինչ-որ օրենքներ, հաշվետվություններ, ուզում էին այդ ուղղությամբ գնալ: Բայց ես ցուցմունք չեմ տվել:
-Ի՞նչ հիմքերով եք հրաժարվել ցուցմունք տալուց, տիկին Ղազարյան:
-Այդ հայտարարության (ԱԱԾ-հեղ.) այնպես հստակ է ասվել, որ «Սիվիլիթասը» խախտել է ինչ-որ կարգեր և այնտեղ գնում է մեկ պարբերություն ինչ-որ խախտումների, և փաստորեն, ես այլևս վկա չեմ, այլ տնօրենն եմ մի կազմակերպության, որն ինչ-որ բաներ խախտել է: Այսինքն, արդեն կասկածյալ եմ, և ես, այդ հանգամանքից ելնելով, հրաժարվեցի ցուցմունք տալ:
-Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչությունն այսօր հայտարարել է, որ գրանցված 700 հիմնադրամներից 500-ը հաշվետվություն չեն ներկայացրել, որը նախատեսված է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով: Այդ հիմնադրամների թվում է նաև «Սիվիլիթաս»-ը: Այդ մասին ի՞նչ կասեք:
-Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց պետք է ստուգենք այդ ամենը, չէի ուզի այսպես հանպատրաստից որևէ բան ասել: Բայց ես նաև կուզեի ասել, որ եթե այդպես է իրավիճակը, ուրեմն այդ բոլորը պետք է սկսվեր ինչ-որ ծանուցումով կամ զգուշացումով, այլ ոչ թե քրեական գործ հարուցելով: Եթե մենք մեղք ունեինք այդ աստիճանի, ապա պետք էր ուղղակի ծանուցել այդ մասին, այլ ոչ թե քրեական գործ հարուցել:
-ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ բարեգործության նպատակով Հայաստանում թողնված գումարը փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին: Այդպե՞ս է, թե՞ ոչ:
-Մենք այդ ամենի մասին պատրաստվում ենք միասնական հայտարարությամբ հանդես գալ, որպեսզի ամեն մեկն իր հերթին մեկնաբանություն չանի: Բայց որ այդ փողերը նվիրել են Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս»-ի համար, այդ բոլորը պարզ է:
-Ընդհանրապես, Տիկին Ղազարյանը, դուք ինչպես եք գնահատում այս գործընթացը:
-Ես գտնում եմ, որ աբսուրդ է, որ նախ քրեական գործ կհարուցվի և դանից հետո միայն կփորձեն փաստեր գտնել` լինի «Սիվիլիթաս»-ի հարթակում, լինի Օսկանյանի հարթակում, թե գործարքը կատարողների հարթակում: Դրա համար ինձ թվում է, որ սա առնվազն ճնշում է և այո, քաղաքական ճնշում է, որովհետև մենք վերջ ի վերջո այսօր հիմնադրամ ենք, որ մի քիչ այլ կերպով ենք աշխատում, ոչ տրադիցիոն ձևերով, պետք եղածից ավելի թափանցիկ, ունենք «Սիվիլնեթ», որն անկառավարելի է, որտեղ անդրադառնում ենք այն թեմաներին, որոնք հետաքրքրում, հուզում են երիտասարդ ու պրոֆեսիոնալ սերունդին, դրա համար ես գտնում եմ, որ սա մեր գործը խոչընդոտելու ձև է:
-Տիկին Ղազարյան, դուք կապ հաստատե՞լ եք Ջոն Հանթսմանի հետ, նա տեղյա՞կ է ստեղծված իրավիճակի մասին:
-Մենք անընդհատ կապի մեջ ենք Հանթսմանի ընկերության հետ, և ես կենթադրեմ, որ իրենք տեղյակ են: Կոնկրետ հարց չկա, որի համար մենք իրենց ասելիք կամ զգուշացնելիք ունենք:
Նախորդող` Եթե կարիք լինի, Հանթսմանների ընտանիքը հանդես կգա հայտարարությամբ. Օսկանյանի փաստաբանի հարցազրույցը