Տարեկան 1400 աղջիկ չի ծնվում. Սեռով պայմանավորված աբորտների առկայությունը ՀՀ-ում մտահոգում է միջազգային մասնագետներին
«Երբ Հայաստանը համեմատում ես աշխարհի մնացյալ երկրների հետ, ապա հասկանում ես, որ թեև տղա-աղջիկ հարաբերակցության շեղման դեմ շատ բան է արվել, բայց դեռ անելիք էլ շատ կա: Եվ հենց սա ինձ բերեց Հայաստան, որն այս իմաստով ունիկալ չէ` մոտ տասը երկիր կա աշխարհում, որտեղ մի քանի տասնամյակների ընթացքում նկատելի է ծնվող տղաների թվի աճ»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի առումով համաշխարհային կշիռ ունեցող փորձագետ դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն, ով անցած մեկ շաբաթվա ընթացքում թեմային նվիրված հետազոտություն է անցկացրել մեր երկրում ու ծանոթացել առկա իրավիճակին:
Փորձագետը ներկայացրեց այն չափորոշիչները, որոնք համարվում են նորմալ հարաբերակցություն` 105 ծնվող տղային 100 աղջիկ: Ցավոք, Հայաստանը հեռու է այս ցուցանիշից` այսօրվա դրությամբ նկատելի է այն միտումը, որ Հայաստանում 115-117 տղային ծնվում է 100 աղջիկ:
Թեպետ դոկտոր Գիլոմոտը նշեց, որ տարածաշրջանային երեք երկրներն էլ` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը հավասարապես «թաղված են» այս խնդրի մեջ: Այդպես, Ադրբեջանում 100 աղջկան ծնվում է 118 տղա, Վրաստանում` 111 տղա. «Ես լուրջ շեղումներ եմ տեսնում տարածաշրջանի բոլոր երկրներում, որոնք վկայում են երեխաների նկատմամբ վերաբերմունքի մասին: Նաև բավականին ծավալուն հետազոտություն է կատարվել ավելի հյուսիս գտնվող երկրներում, մասնավորապես ՌԴ-ում և մեզ չհաջողվեց վեր հանել որևէ հետք անգամ նման շեղման Ռուսաստանում, ինչը նշանակում է, որ Հայաստանում կան որոշակի գործոններ, որոնք գործում են տարածաշրջանի երկրներում, բայց բացակայում են ՌԴ-ում»,- հայտարարեց փորձագետը:
Դոկտոր Գիլմոտոն տեղեկացրեց, որ սեռով պայմանավորված խնդիրները ի հայտ են գալիս ոչ միանգամից, այլ աստիճանաբար կարելի է նկատել, երբ ընտանիքում ծնվում է երկրորդ և կամ երրորդ երեխան: Մեր երկրում ցայտուն երևում է, որ առաջին երեխայի դեպքում հարաբերակցությունը նորմալ է, բայց հատկապես երրորդ և չորրորդ երեխայի դեպքում ծնողները ակնհայտորեն նախընտրում են, որ տղա ծնվի: Խնդրահարույց այլ երկրներում, օրինակ Վիետնամում, այդ շեղումը այդքան ցայտուն չէ:
Ի՞նչն է բերում այս խնդրի առկայությանն ու խորացմանը մասնավորապես Հայաստանում: Փորձագետը մատնանշեց հիմնական երեք գործոնները, որոնց վրա կառուցվում է այն ու բերում իրավիճակի նմանատիպ ձևավորմանը: Նախ, այսօր ավելի մեծ են հնարավորությունները սեռը որոշել, այսինքն տեխնոլոգիապես երկիրը զարգացած է (կան երկրներ, որտեղ այդ տեխնոլոգիաները դեռ հասու չեն մարդկանց, իսկ արհեստական ընդհատումը արգելված է), երկրորդ գործոնը տղաների առավել նախընտրելի լինելն է, որի պատճառով զարգացած տնտեսություններում` ԱՄՆ-ում, Ճապոնիայում կամ Գերմանիայում նման տարբերակում չկա:
Այսինքն` գենդերային իմաստով նախապատվություններ աղջիկներին կամ տղաներին չեն տրվում, քանի որ կարևոր են թե աղջիկները, թե տղաները ու ծնողները, ըստ փորձագետի, չեն որոշում ընդհատել հղիությունը զուտ սեռից ելնելով: Եվ երրորդ գործոնը, որ կարևոր դերակատարում ունի մեր երկրում` պտղաբերության անկումն է, որն էլ բերում է նրան, որ մեկ-երկու երեխա նախընտրող ընտանիքները նախապես են որոշում ապագա երեխայի սեռը ու ձգտում դրան.«Հայաստանում իմ սահմանափակ փորձից ելնելով կարող եմ ասել, որ հենց այս երեք գործոններն են դեր խաղում»,- հավելեց իր խոսքը Ք.Գիլմոտոն:
Ի դեպ, փորձագետն ընդգծեց, որ այս վտանգավոր միտումները Հայաստանում նկատելի էին դեռևս 90-ականներին ու որոշ գիտնականներ այդ մասին բարձրաձայնել են տասը տարի առաջ, սակայն համարժեք ուշադրության դրանք չեն արժանացել:
«Հայաստանում գործ ունենք մի պատմական գործընթացի հետ, որի ակունքում ընկած է տղա երեխա նախընտրելու գործոնը, որը առկա էր նաև Խորհրդային միության տարիներին, բայց անկախացմանը զուգահեռ պտղաբերության անկումը բերեց այդ նախապատվության խորացմանը և ընտանիքի սեռային բաղադրության վրա` փորձում ես այնքան, մինչև տղա չի ծնվում: Իսկ 90-ականներին էլ վրա հասան բարձր տեխնոլոգիաները` համալրելով սեռը որոշելու հնարավորությունը, ինչը այս խնդրում թերևս ամենակարևոր գործոնն է»,- եզրափակեց Ք.Գիլմոտոն:
Նշենք, որ անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարությունը, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվել է «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտություն, որի հիման վրա կազմվել է զեկույց: Ըստ այդմ, պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն 1993թ-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 110-ից 120 տղա` 100 աղջկա դիմաց: Եվ այս շեղման հնարավոր պատճառներից մեկը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են` հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանց 0.8 տոկոսը (շուրջ 7200 կին) վերջին հինգ տարվա ընթացքում կատարել է այդպիսի աբորտ: Ինչն էլ բերում է նրան, որ միջինացված տվյալներով ամեն տարի Հայաստանում չի ծնվում 1400 աղջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան