«Սիվիլիթաս»-ին միջոցներ է տրամադրել նաև Էռնեկյանը
«Սիվիլիթաս» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որով շնորհակալություն է հայատնում իր բոլոր նախկին ու ներկա գործընկերներին, միաժամանակ հրապարակում, թե ովքեր են հովանավորել հիմնադրամի գործունեությունը:
«Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը շարունակվող աջակցության, ինչպես նաև օրերս հաստատված, 2012 թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք 8,5 միլիոն նորվեգական կրոն (մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցության համար։
Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաև պարոն Էդուարդո Էռնեկյանին օրերս Սիվիլիթասին տրամադրած 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվության համար։
Սիվիլիթասի մի քանի ընթացիկ ծրագրեր աջակցություն ունեն ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սևծովյան հիմնադրամից և ԱՄՆ դեսպանատնից ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (Քաունթերփարթ Ինթըենեշնլ կազմակերպության միջոցով)։
Սիվիլիթասը իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին ու նվիրատուներին՝ Գերմանիայի կառավարությանը, Նորվեգիայի կառավարությանը, Լեհաստանի կառավարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Շվեյցարիայի կառավարությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ԱՄՆ կառավարությանը, ԵԱՀԿ-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սևծովյան հիմնադրամին: Սիվիլիթասը հատուկ շնորհակալություն է հայտնում բարերար Ջոն Հանթսմանին»:
Նշենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ տեղեկությունն առաջինը տարածեց հենց Վարդան Օսկանյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ իրեն հարուցված քրգործի շրջանակներում կանչել են Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության: Օսկանյանը մի կողմից պնդում էր, որ «հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա», իսկ մյուս կողմից հայտարարության մեջ որևէ մանրամասն չի ներկայացնում գործի հանգամանքների մասին և ընդամենը պնդում է, թե «հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան»: Այս հայտարարությունն ընդամենը արդարացում է և իր նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մասին բարձրագոչ հայտարարություն:
Երկրորդ արարն արդեն ԱԱԾ-ի ձեռամբ էր: Տարածված հաղորդագրությամբ ԱԱԾ-ն ներկայացնում է իր քայլերի հիմքերը. «Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով»:
Այս հայտարարությանը հետևում է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը, որտեղ բառացի ասված է հետևյալը. «Դա միանշանակ քաղաքական պատվեր է և ուզում եմ ասել հետևյալը՝ «փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել»: Իսկ ներկայացված դրվագների վերաբերյալ նախկին արտգործնախարարը բավարար է համարել պայմանագրի համապատասխան կետը մեջբերելը. «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»:
Որքանով կարելի է դատել երկուստեք տարածված տեղեկատվությունից, ԱԱԾ-ն պնդում է, որ 1 մլն 135 հազար ամերիկյան դոլարի չափով գումարը տրամադրվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին, որը հետագայում հայտնվել է ֆիզիկական անձանց անձնական հաշվեհամարների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները