Հայաստանցիները նշում են ՀՀ պետական խորհրդանշանների տոնը
Այսօր մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում մեծ շուքով նշվելու է ՀՀ պետական խորհրդանշանների տոնը: Տոնի առիթով Երևանում կայանալու է տոնական քայլերթ, որին մասնակցելու են ուսանողական 38 միությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ մարզերից և Արցախից 4500 պատանիներ: Ամբողջ քայլերթը ուղեկցվելու է ՀՀ զինված ուժերի, ՀՀ ոստիկանության զորքերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախմբերի, «Վազգեն Սարգսյան» ռազմական ինստիտուտի սաների, «Վահագն» դհոլահարների անսամբլի, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման պարախմբերի, «Վաղորդյան կաթիլներ» երգչախմբի, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբի, ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ելույթներով, հանդես կգան Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները: Միջոցառումը եզրափակվելու է ՀՀ ԶՈՒ օդային ուժերի ինքնաթիռների ցուցադրական թռիչքով:
Նշենք, որ հեցն այս օրն է նշվում պետական խորհրդանշանների տոնը, քանի որ 2006թ հենց հունիսի 15-ին է ընդունվել «ՀՀ դրոշի մասին», «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:
ՀՀ պետական խորհրդանշաններ են` Եռագույն դրոշը, Զինանշանն ու Օրհներգը:
ՀՀ դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի:
ՀՀ զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն: Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:
ՀՀ օրհներգը կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները