Իրանցի պատգամավոր. Եթե Ադրբեջանը շարունակի շահարկել Նիզամի Գյանջավիի պատկանելիության հարցը, ապա կբողոքենք միջազգային ատյաններում
Նիզամի Գյանջավիի պատկանելիության վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած պահանջների շարունակության դեպքում Իրանը կբողոքի միջազգային ատյաններում:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Նասրոլլահ Փեժման Ֆարը:
Իրանցի խորհրդարանականը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Նիզամի Գյանջավիի պատկանելիության շահարկման հարցը, նշել է. «Պատմության ընթացքում Իրանին պատկանող հարակից որոշ տարածքներ տարբեր պատճառներով անջատվել են, և դա է պատճառ դարձել, որ որոշ երկրներ մեր գրականության մեծերի պատկանելիության առնչությամբ պահանջներ են ներկայացնում: Նիզամի Գյանջավին պատկանում է Իրանին, և նրանք, ովքեր պնդում են, որ նա իրենցն է, ավելին, քան երևակայություն է»:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայելուչ չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:
Իսկ ավելի վաղ, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի պատմաբան Սիրիուս Հաշեմովն, այդ առնչությամբ՝ նշել էր, որ Ադրբեջանը 1918 թվին ստեղծվել է իրանական Արան և Շիրվան տարածքներում, և այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում էր իր «Խամսե»-ն , վերոնշյալ տարածքներն իրանական են եղել, հետևաբար 800 տարի առաջ այդ այդ շրջաններում ստեղծագործած Գյանջավին չի կարող ադրբեջանական համարվել:
Նախորդող տեղեկատվություն՝
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին