Ն. Գալստյան. Ադրբեջանական դիվերսիան իրականում ապտակ էր ԱՄՆ-ին
«Հայաստանի տեղեկատվական դաշտում հիմնական ապատեղեկատվությունը տարածվում է համացանցի միջոցով: Լրատվամիջոցներն առաջնորդվում են սկանդալային տեղեկատվություն հաղորդելու մտայնությամբ: Եվ այստեղ շատ կարևոր է տվյալ լրատվամիջոցի ղեկավարի հստակ գիտակցումը, որ չի կարելի այդպիսի բաներ թույլ տալ»,- այսօր անդրադառնալով ապատեղեկատվության տարածման խնդրին` լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը:
«Պետք է հասկանալ, որ թշնամական դաշտը հստակ ուղղորդված աշխատում է մեր դեմ: Պետք է ստուգել ինֆորմացիան: Դրա համար համապատասխան մարմիններ էլ ունենք, ունենք նաև համապատասխան վերլուծական կենտրոններ, որտեղ կարող են գնահատականներ տալ` համապատասխանո՞ւմ է դա իրականությանը, թե` ոչ»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Հ. Քլինթոնի այցի ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինված ուժերի դրսևորած ակտիվությանը, քաղաքագետն ասաց.
«Սա միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու և ճնշում գործադրելու միջոց է` ուղղված արտաքին լսարանին և երկրորդ` այն ուղղված է սեփական հասարակությանը` ցույց տալու համար, թե` տեսե´ք, մենք որքան արմատական ենք տրամադրված և որքան վստահ ենք առաջ գնում մեր հայտարարած մոտեցումներում, որ անգամ Հ. Քլինթոնի այցելության ժամանակ այսպիսի գործողություններ ենք իրականացնում»:
«Իրականում սա ապտակ էր և վիրավորանք ոչ միայն միջազգային հասարակությանը, այլև հենց Միացյալ Նահանգներին»,- հավելեց Ն. Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները