Ս. Սաֆարյան. Այս կառավարությունն ի զորու չէ լուծել առկա խնդիրները
«Ժառանգության» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նախօրեի երեկոյան կազմը հայտնի դարձած կառավարությանը համարում է ոչ խոստումնալից:
Ի վիճակի՞ է գործադիր նոր մարմինը լուծել առկա խնդիրներն ու դիմակայել մարտահրավերներին հարցին Ս. Սաֆարյանը բացասական պատասխան տվեց:
«Շատ երկրներում կառավարությունը միայն փոխում են, քանի որ հին դեմքերն արդեն հոգնեցնող են: Մարդիկ ուզում են թեկուզ այդ առումով փոփոխություններ տեսնել: Մեզ մոտ անգամ այդ առումով չեն կարող լինել փոփոխություններ, բացի այդ, փոփոխությունը պետք է լիներ լավ ու վատ աշխատանքի հիման վրա, տեսնում ենք, որ այդ ամենը չկա: Ես շատ մտահոգիչ եմ համարում Հայաստանի ներկայիս վիճակը: Այս կառավարությունն ի զորու չէ լուծել առկա խնդիրները»,-ասաց Ս. Սաֆարյանը:
Քաղաքական գործչի խոսքով, այս կառավարությունն էլ ժամանակավոր է. «Մեր երկրում, ցավոք սրտի, ժամանակավորը դարձել է ամենահիմնականը»:
Հարցին, թե հնարավոր է նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն վերադառնա գործադիր մարմին, Սաֆարյանն արձագանքեց. «Դրա մասին դեռ վաղ է խոսել, չեմ կարող ասել: Տեսանելի է, որ ՀՀԿ-ն ուզում է դա, իսկ ԲՀԿ-ում տարբեր վարքագծեր են նկատելի, մի մասն իսկապես ափսոսում է, որ կոալիցիայի անդամ չէ: Շարքային անդամների մասին է խոսքը»:
Սաֆարյանը ԲՀԿ-ն գնահատում է որպես սովորական, դասական իշխանական կուսակցություն, որի բացակայությունը կառավարությունում իրեն զգացնել չի տա: «Հարգանքով եմ վերաբերվում ԲՀԿ նախարարներին: Համակարգն այնպիսին է, որ անգամ ուզենային առանձնապես շատ կտրուկ երևալ այս կառավարության մեջ, միևնույն է` չէին կարող դա անել: Մի մարդու թատրոն չէ նախարարությունը, որ կարողանար եղանակ փոխել»: Հարցին, եղել է նման ցանկություն, թե ոչ, Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետ հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը նախարարական 18 պորտֆելներից 14-ում առաջադրել է իր թեկնածուներին, նրանք հիմնականում նախորդ կառավարության անդամներն են: ԱԻՆ, քաղաքաշինություն, գյուղատնտեսության նախարարների պորտֆելները կտրվեն ՕԵԿ-ին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը կլինի անկուսակցական:
Առողջապահության նախարարը կլինի Դերենիկ Դումանյանը, կապի և տրանսպորտի նախարարը` Գագիկ Բեգլարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` Արտեմ Ասատրյանը:
Ըստ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի, կառավարության լիարժեք կազմը հայտնի կլինի երկուշաբթի: Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի հրամանագրերով արդեն նախարարներ են նշանակված Սեյրան Օհանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Արմեն Երիցյանը:
Նախորդող հրապարակում`
Ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը. Նախարարներից 14-ը կլինեն ՀՀԿ-ականներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում