Անվտա՞նգ են արդյոք Հայաստանում վաճառվող խաղալիքները
Մեր օրերում երեխաների համար խաղալիք ընտրելը բավականին բարդ գործ է: Պատճառը ոչ միայն դրանց պակասն է կամ առատությունը, այլև՝ որակը: Գաղտնիք չէ, որ խաղալիքները առողջության համար կարող են վտանգավոր լինել: Երբևէ ձեր փոքրիկի համար խաղալիք գնելիս նկատե՞լ եք, որ այն տհաճ հոտ ունի։ Գուցե այո, բայց ուշադրություն չեք դարձրել։ Մինչդեռ կան հիմնական չափանիշներ, որոնցով արժե առաջնորդվել: Ցավոք շատ խաղալիքներ` հատկապես չինական արտադրության, ոչ միայն անորակ են, այլև վտանգավոր: Հիմնականում վտանգավոր են այն նյութերը, որոնցից դրանք պատրաստված են:
Թեև շատերը գիտեն, որ խաղալիքների մի ստվար զանգված կարող են առողջական և հոգեբանական խնդիրներ առաջացնել երեխաների մոտ, սակայն մի մասը գիտակցաբար, մի մասն էլ անգիտակցաբար շարունակում են գնել այդ խաղալիքները:
Ինչո՞ւ
Մեր հարցումները ցույց տվեցին, որ մարդկանց մի մասը նախապատվությունը տալիս է ավելի էժան արտադրանքին, քանի որ ավելի թանկը գնելու հնարավորություն չունեն: Սակայն պետք է նկատել, որ թանկ խաղալիքները նույնպես կարող են անորակ լինել:
Մեկ տարեկան Անիի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ խաղալիքների ընտրության հարցում այդքան էլ խիստ չի եղել, սակայն վերջին շրջանում առավել մեծ ուշադրություն է դարձնում: «Մի անգամ երեխայիս դեմքին և ոտներին ալերգիկ ցան առաջացավ: Անմիջապես տարա մանկաբույժի մոտ, նա ասաց, որ հնարավոր է ուտելիքից լինի, բայց ես այդ հարցում շատ զգույշ եմ և բացի կաթից և մի երկու տեսակ ապուրից բացի ոչինչ չեմ տալիս: Բժիշկը դեղեր նշանակեց,սակայն որոշ ժամանակ անց ալեգիան նորից կրկնվեց: Սկսեցի ավելի ուշադիր հետևել երեխայիս և պարզեցի, որ ալերգիայի պատճառը ռետինե խաղալիքն էր: Այն նետեցի աղբարկղը, դրանից հետո աղջիկս որևէ խնդիր չունեցավ»,- պատմեց Անահիտը:
3 տարեկան Նարեկի մայրն էլ խորհուրդ տվեց բոլոր ծնողներին` տնտեսական որևէ խանութից խաղալիք չգնել: «Մի քանի անգամ մենք գնել ենք, ավելի շատ նվիրել են, ահավոր հոտ էր գալիս, երեխան անընդհատ փռշտում էր, վրան էլ ալերգիկ ցան դուրս տվեց: Ես էլ ռեզինե ու պլաստմասե այս խաղալիքներից գլխացավ եմ ունենում, փռշտոց, շնչառական օրգանների մոտ քոր ու այրոց: Մասնագիտացված խանութներում մի քիչ թանկ են, բայց կարծում եմ, ավելի որակյալ ու անվտանգ են»,- ասաց տիկին Մարին, ով գտնում է, որ ավելի լավ է գնել մեկ խաղալիք թանկ գնով, քանի մի քանիսը` ավելի մատչելի, որից ինչեր ասես, որ հետագայում չեն կարող առաջանալ:
Սակայն պետք է նկատենք, որ ծնողներից որևէ մեկը տեղյակ չէր իր իրավունքներից; Հարցին, թե խաղալիքները գնելուց առաջ սերտիֆիկատ պահաջում են, նրանք խոստովանեցին, որ դրա մասին առաջին անգամ են լսում: Մինչդեռ Հայաստան ներկրվող խաղալիքները պարտադիր պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ: Սա նշանակում է, որ նմուշառված օրինակը համապատասխանում է Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Հակառակ դեպքում խմբաքանակը չպետք է ներկրվի:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը նշեց, որ 2011-2012 թվականերին տեսչությունը խաղալիքների տեխնիկական կանոնակարգերի և արտադրանքների պահանջների համապատասխանության պահպանման նկատմամբ իրականացրել է ստուգումներ, որոնք ներառել են նաև խաղալիքների անվտանգությանը վերաբերող պահանջները: Ըստ նրա` անվտանգության տեսանկյունից խաղալիքը պետք է բավարարի մի շարք պահանջների: Նախ պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորման, պիտակի և հայերենի մակնշման առկայությանը, խուսափել գնել այնպիսի խաղալիքներ, որոնցից, թեկուզ աննշան, բայց վատ հոտ է գալիս:
Լ.Խալիկյանը նշեց, որ խաղալիքների ոլորտը միշտ էլ իրենց ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ դա անմիջական կապ ունի երեխաների հետ: «Խաղալիքների շուկան միշտ աշխուժանում է Նոր տարվա նախաշեմին, քանի որ այդ ժամանակ վաճառքը կրկնապատկվում է, իսկ ռիսկերն էլ՝ ավելանում: Այդ ժամանակ Հայաստան են ներմուծվում բավականին մեծ թվով խաղալիքներ, որոնք ժամանակի սղության պատճառով, ինչպես նաև ավելի շատ գումար վաստակելու նպատակով չեն սերտիֆիկացվում: Սակայն այդ ժամանակ ավելի խիստ վերահսկողություն ենք իրականացնում: Արդյունքում` Նոր տարվա նախաշեմին 7 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը կասեցվել է, խաղալիքներն ուղարկվել են փորձաքննության և պարզվել է, որ դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում: Միևնույն է, դրանց վաճառքը կասեցվում է»,- ասաց տեսչության պետը:
Նրա խոսքերով` տեսչությունում առավել քան ուշադիր են խնդրի նկատմամբ, և իրենք հաճախ են իրականացնում ստուգումներ այս ուղղությամբ: «Խաղալիքների ստուգման առումով մեր տեսչությունը կատարում է հսկայական աշխատանք: Մենք ոչ միայն ստուգումներով ենք սահմանափակվում, այլև կիրառվում են տուգանքներ` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափից մինչև վաճառքի կասեցում»,- նշեց Լ.Խալիկյանը և խորհուրդ տվեց. «Անպայման պահանջել սերտիկֆիկատը, եթե տվյալ խանութը չունի սերտիկֆիկատ, ապա ձեռք չբերել ապրանքը: Մենք անդադար աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սպառողն էլ պետք է տեր կանգնի իր իրավունքին, եթե միասին չպայքարենք, ապա մեր ամբողջ աշխատանքն անօգուտ կլինի»:
Նշենք, որ Հայաստան մեծամասամբ խաղալիքները ներկրվում են Չինաստանից, որը հայտնի է իր անորակ ապրանքնեով: Լ.Խալիկյանը հայտնեց, որ ներկրված բոլոր խաղալիքները տարվում են լաբորատորիա փորձաքննության. «Փառք տիրոջը, որ մինչ օրս որևէ վտանգավոր բան չի եղել, որևէ դեպք չի գրանցվել, բայց դա նշանակում է, որ ավելի զգոն պետք է լինենք: Մենք այս հարցում շատ խիստ ենք և թույլ չենք տա, որ մեր երխաներին վտանգ սպառնա: Խաղալիքի գինը կապ չունի, թեկուզ այն արժե 1000 դրամ, բայց չպետք է կյանքի և առողջության համար վտանգավոր լինի: Պետք է հասնենք այն վիճակին, որ ծնողը տվյալ խաղալիքի համար ամենամատչելի գինը վճարելով հանգիստ լինի, որ այն անվտանգ է և համապատասխանում է բոլոր չափանիշներին»,- ասաց Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետը:
Լ.Խալիկյանի խոսքերով` տեսչության ստուգումների արդյունքում արդեն 70% տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա է սերտիֆիկատ: Ըստ նրա, աշխատանքները շարունակվում են և արդյունքներն առաջիկայում ավելի շոշափելի կլինեն:
Լևոն Խալիկյանը կոչ է անում այս և նման այլ բազմապիսի խախտումների դեպքում զանգահարել տեսչությունում գործող թեժ գծին` 23 56 00 հեռախոսահամարով:
«Իրավունքների ամենալավ պաշտպանը հենց սպառողն է, եթե նա տեղեկացված է, ուրեմն պաշտպանված է: Երեխաներից թանկ բան այս աշխարհում չկա, ուրեմն ձեր երեխաների համար խաղալիք գնելուց շատ ավելի զգոն եղեք և տեր կանգնեք ձեր իրավունքներին»,- ասաց Լ.Խալիկյանը:
Խաղալիքների շուկայում վերահսկողությունն ուժեղացնելու և բազմապիսի խախտումները կանխելու միտումը, ինչ խոսք, դրական է, մնում է հույս հայտնել, որ սպառողների շահերի պաշտպանությունը ստանձնած պետական կառույցների գործունեությունը արդյունավետ կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում