Փորձագետ. Կանխատեսելի ապագայում ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցությունն իրատեսական չէ
Կանխատեսելի ապագայում ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցության հնարավորությունն իրատեսական չէ, քանի որ Վրաստանի իշխանությունները դեռ պետք է ապացուցեն միջազգային հանրությանը, որ կարող են անցկացնել երկրում ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` հիշեցնելով, որ Վրաստանում 2012 թ. անցկացվելու են խորհրդարանական, իսկ 2013 թ. նախագահական ընտրություններ:
-Իսկ ի՞նչ կապ ունեն Վրաստանում նախատեսված ընտրությունները վերոնշյալ կառույցին անդամակցելու հետ:
-Բանն այն է, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կառույց է, և նրա գլխավոր խնդիրն է մի կողմից անդամ պետությունների անվտանգության, պաշտպանության, մյուս կողմից այդ երկրներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու երաշխավորումը, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից: Այսինքն, դաշինքը կարևորում է անդամ պետություններում օրենքի գերակայության և ժողովրդավարական ընդհանուր արժեքների ապահովման, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից, իհարկե, շատ կարևոր է ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը, և հենց դրանով է Վրաստանի անդամությունը նաև պայմանավորվում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հանգամանքով:
- Փաստորեն կան այլ պատճառներ, որոնց աղդեցությամբ Վրաստանի անդամակցության հարցը կարող է հետաձգվել:
-Վրաստանը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, և նման պարագայում անդամագրումը ՆԱՏՕ-ին կարող է իրողություն դառնալ միայն ծայրահեղ դեպքում, քանի որ կազմակերպության կանոնադրության համաձայն երկիրը, որն ունի տարածքային կամ էթնիկ խնդիրներ, չի կարող անդամակցել կազմակերպությանը: Թեև նշեմ, որ ԱՄՆ որոշ սենատորներ հայտարարել էին, որ «Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու լավագույն թեկնածուն է, և նրա տարածքում Ոուսական զորքերի առկայությունը չպետք է արգելք հանդիսանա անդամակցության հարցում»:
- Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ԱԺ նախագահ Դավիթ Բաքրաձեի հայտարարություններն այն մասին, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին կանդամակցի դաշինքի առաջին իսկ ընդլայնման ալիքի ժամանակ, այն է` 2014 թ:
-Իհարկե դա Վրաստանի իշխանությունների ցանկությունն է, սակայն որքանով դա իրական կարող է դառնալ դժվար է ասել, քանի որ կան պահանջներ, որոնք ստանձնել է Վրաստանը, և դրանք անհրաժեշտ է իրականացնել: Ասեմ, որ դեռևս 2011 թ. նոյեմբերին Վրաստանում անցկացված Վրաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովում դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտի բարեփոխումները կազմակերպությանն անդամակցելու բանալին են, և որ խաղաղարար գործողություններին վրացի զինվորների մասնակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաև կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն դեռ չի շտապում բավարարել Վրաստանի բոլոր ամբիցիաները:
- Բայց չէ որ միշտ արձանագրվում է ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված Վրաստանի մեծ ջանքերի և գրանցված առաջընթացի մասին:
-Այո, սակայն դա դեռ բավարար չէ` վերջնական նպատակը կյանքի կոչելու համար: 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Վրաստանը կանդամակցի Դաշինքին: Դրանից միայն 3 տարի անց` 2011 թ. դեկտեմբերին, Վրաստանը հայտարարվեց որպես ՆԱՏՕ –ի ասպիրանտ երկիր: Բայց նշեմ, որ այդ կարգավիճակն ունեն նաև Բոսնիա-Հերցեգովինան, Չերնոգորիան և Մակեդոնիան, որոնք, սակայն, մի քայլ առաջ են, քանի որ ունեն նաև կազմակերպությանն անդամակցության գործողությունների պլան, ինչը Վրաստանը դեռ չի ստացել, և հենց այդ մասին էին հայտարարում ԱՄՆ սենատորները` կոչ անելով այս տարվա մայիսին կայացած Չիկագոյի գագաթնաժողովին Վրաստանին տալ գործողությունների պլան: Սակայն նշված գագաթնաժողովին պարզապես կրկին ամրագրվեց այն իրողությունը, որ Վրաստանը հանդիսանում է ասպիրանտ երկիր: Ուստի կարելի է փաստել, որ Բուխարեստի գագաթնաժողովից անցել է չորս տարի, և լուրջ առաջընթաց ՆԱՏՕ –ին Վրաստանի անդամակցության հարցում դեռ չկա: