Ի՞նչ կատարվել «Հարսնաքար»-ում. Տնօրենը պնդում է, որ ծեծկռտուքին մասնակից է եղել համալիրի անվտանգության աշխատակիցը
Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ, որի հետևանքով Պաշտպանության նախարարության երկու բժիշկներ են տուժել, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նոր մանրամասներ է փոխանցում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը:
-Պարոն Զոհրաբյան, կներկայացնե՞ք` իրականում ի՞նչ է եղել «Հարսնաքար»-ում:
-Երեկ, այդ խումբը եկավ ժամը 11-ի կողմերը, լավ խմած էին, սկզբում հինգ հոգի էին` մեկը աղջիկ, հետո միացավ ևս մեկ աղջիկ: Սպորտային հագուստով էին...Մեր մատուցողը նկատել է, որ մենեջերը չի թույլատրում սպորտային հագուստով մտնել համալիր: Իսկ նրանք գինովցած, խմած վիճակում ու շատ վատ արտահայտություններով մատուցողին անպատվում են, հետո մատուցողին հրավիրում են դուրս, նրա վրա են հարձակվում: Եվ երբ այդ ամենը տեսնում է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը գնում է, հրում են իրար ու նրանցից մեկը այդ կարճ պահին վայր է ընկնում:
-Ո՞վ է վայր ընկնում:
-Չեմ կարող ասել, ես հաճախորդներին անուններով չգիտեմ, այդ պահին բավականին շատ հաճախորդներ կային նստած: Նույնիսկ հարակից սեղաններից, որոնք բանկետ էին կազմակերպել, նեղանում էին ու մենեջերին կանչել և ասել են, թե ինչու են այդ խմբին տեղ տվել նստելու: Ասել են` ավելի լավ է դուրս հրավիրեք, որ մենք հանգիստ մեր միջոցառումը անցկացնենք. իրենց վատ պահվածքի ու վատ արտահայտությունների համար:
-Համալիրի աշխատակիցների կողմից հրահրում եղե՞լ է:
-Բացարձակ: Ոնց կարող է մարդ գա մեզ մոտ ու մենք հրահրենք: Հակառակը մենք հրահրողներին հանգստացնում ենք ու ճանապարհում և ընդունում ենք մարդկանց էնպես, որ միշտ գան մեզ մոտ: Ո՞նց կարող է մենք հրահրենք:
-Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցնե՞րը:
-Մեր անվտանգության աշխատակիցն էր և եղել են հաճախորդներ, որոնք որ խառնվել են տեսնելով այդ պահը, հրմշտոց է եղել, իրար հրել են ու էդ պահին մեկը ընկել է գետնին:
-Պարոն Զոհրաբյան, տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքը հրահանգվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:
-Ոչ, ոչ: Ռուբեն Հայրապետյանը տեղյակ չի եղել, ես ձեզ ասում եմ պաշտոնապես և եղել է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը:
Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր դեպքին և տեղեկացրել, որ հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»: Այժմ ոստիկանությունից գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն, որտեղ էլ կիրականացվի նախաքննությունը:
Ծեծի հետևանքով Պաշտպանության նախարարության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանը և պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ Բայադյանի վիճակը` կայուն ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին