«Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված մայորի կյանքին վտանգ է սպառնում, իսկ կապիտանի վիճակը ծանր է
Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նախօրեին դաժան ծեծի ենթարկված Պաշտպանության նախարարության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրին ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավետյանի մոտ ծեծի հետևանքով ախտորոշվել է ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա:
Նույն տեղում ծեծի ենթարկված նրա ընկերը` պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, նա ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք: ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին նաև, որ նրա մարմնի վրա եղել են նաև քերծվածքներ:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»:
Ըստ տարբեր աղբյուրներում տարածված տեղեկությունների, բժիշկներին ծեծել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) անվտանգության աշխատակիցները, նրա անմիջական հրահանգով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ կատարվածի համար որևէ մեկն այս պահի դրությամբ կալանավորված չէ:
Նախորդիվ` Պատգամավորի հրահանգով մարդկա՞նց են ծեծել. Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները