Բեռնաթափում, թե՞ տեղափոխում. Ինչո՞ւ «Մարի Իզմիրլյանի» սաները ոչ թե ընտանիք են վերադարձել, այլ մեկ այլ մանկատուն
Ի՞նչ ասել է մանկատների բեռնաթափում, որի մասին այդքան շատ լսել ու շարունակում ենք լսել վերջին շրջանում: Նախ, գաղափարի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ այն երեխաները, որոնք հայաստանյան մանկատներում հայտնվել են ընտանիքների սոցիալական ծանր վիճակից դրդված և ոչ թե այն պատճառով, որ երկկողմանի ծնողազուրկ են (կան, իհարկե, այլ գործոններ ևս, օրինակ` երեխայի ծնողը երկրում չէ, ազատազրկման մեջ է կամ էլ հոգեբուժարանում: Բայց այս գործոններով պայմանավորված երեխաների թիվը շատ չնչին է) պետք է պետության աջակցությամբ վերադարձվեն կենսաբանական ընտանիքներ: Եվ կամ նրանց խնամքը շարունակվի ցերեկային այն կենտրոններում, որոնց էլ բեռնաթափմանը զուգահեռ պետք է վերածվեն մանկատները:
Հիշեցնենք, մանկատներում խնամվող երեխաների ավելի քան 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող:
Անցած տարեվերջին Ազգային Ժողովում 2012թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ մանկատների բեռնաթափումը շարունակվում է և պետությունը մտադիր է 2012թ-ին հանրապետության մանկատներից շուրջ 40 երեխայի վերադարձնել կենսաբանական ընտանիք.
«Երբ վարչարարությամբ ու օրենսդրական փոփոխություններով մենք եկանք այն իրավիճակին, որ մանկատուն մտնող երեխայի մասին ամբողջական տվյալներ ունեցանք, կարողացանք ուղղակի արգելել, որպեսզի այն երեխան, որը մանկատան շահառու չէ ու ուղղակի ենթակա չէ մանկատանը գտնվելուն, հայտնվի այնտեղ»,- բացատրել էր նախարարը:
Նրա հավաստմամբ` այդ երեխաներին պետությունն ուղորդում է կամ գիշերօթիկ հաստատություններ, կամ էլ հետ` կենսաբանական ընտանիք` լուծելով այդ ընտանիքի խնդիրները: Բայց ինչպես Panorama.am-ը գրել էր դեռևս պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ խնդիրներ է լուծել նախարարությունը, քանի որ ընթացիկ տարվա պետբյուջեի նախագծում նմանատիպ ծախսեր ու հատկացումներ նախատեսված չեն, որոնք ուղղված կլինեն, ասենք, ընտանիք վերադարձած մանկատան նախկին սաների ծախսերը հոգալուն և այլն:
Ի՞նչ ունենք այսօր` այդ բոցաշունչ ելույթից ամիսներ անց: Օրերս մենք ներկայացրեցինք կառավարության որոշման մասին հրապարակում, որով «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի գործունեությունը համապատասխանեցվել է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերին։ Այսինքն` մանկատանը նախատեսվում է իրականացնել կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2013թ-ի հունվարի 1-ից և մեզ հետ զրույցում հաստատության տնօրեն Հասմիկ Մկրտչյանը հավաստիացրել էր, որ այսօր արդեն գործընթաց է մեկնարկել, որով շուրջ 15 երեխայի, որոնք առողջական խնդիրներ չունեն և մանկատան համապատասխանեցումից հետո, փաստորեն, տեղ չեն ունենա «Մարի Իզմիրլյանում» պետք է փորձեն վերադարձնել կամ կենսաբանական ընտանիք- հարազատներին, կամ էլ գիշերօթիկ հաստատություն.
«Առաջին հերթին մենք պետք է աշխատենք երեխային վերադարձնենք կենսաբանական ընտանիք, եթե դա չստացվի, ապա գիշերօթիկ հաստատությունների հետ մենք զրուցենք ու պայմանավորվենք, որ գոնե ուսումնական գործընթացի ժամանակ` 9 ամիս մնան գիշերօթիկներում, իսկ երեք ամիսը ծնողի հետ կապի ամրապնդման համար երեխաները գնան տուն»,- մասնավորապես ասել էր տիկին Մկրտչյանը: Այլ կերպ ասած` խոսք չկա, որ երեխաներին «Մարի Իզմիրլյանից» տեղափոխեն այլ մանկատուն (այս դեպքում ի՞նչ բեռնաթափում, գործընթացը ճիշտ կլինի անվանել տեղափոխում):
Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն երեխաները «Մարի Իզմիրլյանից» ոչ միայն այլ մանկատուն տեղափոխվելու են, այլև արդեն տեղափոխվել են, մասնավորապես Գավառի մանկատուն (փաստորեն իսկապես խոսքը տեղափոխման մասին էր` քողարկված բեռնաթափման տակ):
Panorama.am-ի հետ զրույցում Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշեց, որ իրենց հաստատություն արդեն իսկ երկու ամիս է, ինչ «Մարի Իզմիրլյանից» տաս երեխաներ են տեղափոխվել և երեխաներն առողջ են:
Մեր հարցադրմանն ի պատասխան, թե ինչո՞ւ են տեղափոխվել մեկ այլ մանկատուն, մինչդեռ երևանյան մանկատան տնօրենը հավաստիացնում էր, որ որոշումն ընդունվել է և հիմա իրենք պետք է ձեռնարկեն այսպես կոչված դուրս մնացող երեխաներին ընտանիքներին վերադարձնել կամ էլ գիշերօթիկ և ոչ թե մանկատուն տեղավորել, Գավառի մանկատան տնօրենը նշեց.
«Դե գիտեք ինչ, մեզ մոտից էլ է այդ փորձն արվում… բոլոր մանկատներն այդ աշխատանքը տանում են: Մենք մեր գործունեությամբ` և տնօրենը, և մանկավարժներն ու սոցիալական աշխատողներն ու հոգեբաններն ամեն ինչ անում են, որ երեխաները տուն վերադառնան»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Այդ մանկատունը լինելու է առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար…
-Բայց դառնալու է հունվարի 1-ից միայն:
-Արդեն դարձել է… կառավարության որոշումն արդեն կա, ինչքան որ ես գիտեմ:
-Պարոն Նալբանդյան, որոշումն ուժի մեջ է մտնում 2013-ի հունվարի 1-ից:
-Այդ դեպքում ավելի կոնկրետացնելու համար…
-Հիմա ես ուզում եմ հասկանամ` «Մարի Իզմիրլյանի» տաս երեխաներին, որոնք Ձեզ մոտ են տեղափոխվել, փորձելո՞ւ եք վերադարձնել կենսաբանական ընտանիք նախկին մանկատան փոխարեն:
-Ընդհանրապես` բոլոր երեխաներին, ոչ միայն այդ տասին: Մանկատունն իր գործունեության ընթացքում ամեն ինչ անում է, որ երեխաները վերադառնան ընտանիք…
-Իսկ Դուք խնդիր չե՞ք տեսնում, որ երեխաները մայրաքաղաքից տեղափոխվեցին Գավառ, մարզ, թողնելով իրենց շրջապատը, ուսումը և այլն:
-Ոչ, ի՞նչ խնդիր: Իրենք իրենց շատ լավ են զգում:
Ահա այսպես: Պետությունը որոշում է կայացնում ընդամենը օրերս, բայց արդեն երկու ամիս առաջ երեխաներին այդ մանկատնից չգիտես ինչու տեղափոխում են մեկ այլ մանկատուն` փոխարենը բեռնաթափեն հաստատությունն ու երեխաներին փորձ կատարեն վերադարձնել ընտանիք:
«Մարի Իզմիրլյանի» տնօրենը մեզ հետ զրույցի պահին տեղեկացրեց, որ իրենք նոր մեկնարկում են այդ գործընթացը` կապ հաստատել հարազատների հետ, սակայն իրականում գործընթացից, թերևս, դրական արդյունքներ չակնկալելով նրանք վաղաժամ տաս երեխայի ապագան վճռել էին` կտրելով շրջապատից (երեխաների մեծ մասը, նույն տնօրեն Հասմիկ Մկրտչյանի հավաստմամբ, Երևանում հաճախում էին տարբեր խմբակներ` պարի, նկարչության, երաժշտական) ու ընկերներից ու տեղափոխել մեկ այլ, նույն տիպի հաստատություն:
Նախորդիվ` Կառավարությունը որոշեց` մանկատունը կվերափոխվի. Ի՞նչ է լինելու առողջ երեխաների հետ