Ա. Մանասյան. «Ո՞նց կարող է լրագրողը «խուճապ» բառն օգտագործել»
«Ճիշտ կլինի, որ մենք այս իրադարձությունները քննարկենք ոչ թե լոկալ ժամանակի իմաստով, այլ վերջին 20 տարիների զարգացումների ֆոնին: Այդ զարգացումների ընթացքում Ադրբեջանը միշտ էլ հակամարտությունը փորձել է ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն»,- այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքերով` Ադրբեջանն անընդհատ փորձում է միջազգային հանրության մոտ ամրագրել խնդրի այն կերպարը, որ ինքն իրավաբանորեն արդարացի է և իրավունք ունի միջազգային իրավունքից պահանջել հողերի «վերադարձը»:
Մանասյանը չբացառեց նաև շփման գծի վերջին իրադարձությունների և Իրանի շուրջ ծավալվող զարգացումների միջև կապը:
Շարունակելով սահմանային միջադեպերի հնարավոր բացատրությունների թեման, քաղաքագետը նշեց. «Երկու վարկած կարող է լինել: Առաջին, որ դա Ադրբեջանի նախաձեռնած ինքնուրույն քայլն է, և երկրորդ, որ միջադեպը տեղի է ունեցել միջազգային որոշ շրջանակների իմացությամբ և մասնակցությամբ` Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում»:
«Եթե ընդունենք, որ Ադրբեջանի ինքնուրույն քայլերն են, ապա կարելի է ասել, որ նա ստուգում է մեր ամրությունը»,- հավելեց բանախոսը:
Նա նաև նշեց, որ երկրորդ վարկածի դեպքում խնդիրն անկասկած ավելի բարդանում է, և այդ պարագայում արդեն պետք է աշխատի մեր դիվանագիտությունը:
Իսկ լրագրողի` սահմանային միջադեպերի արդյունքում հասարակության ներսում առաջացած խուճապի և հնարավոր պատերազմի մասին հարցին, Մանասյանը բարկացած արձագանքեց. «Պատերազմի ժամանակ գնում են պատերազմի, ոչ թե խուճապի են մատնվում: Ո՞նց կարող է լրագրողը «խուճապ» բառն օգտագործել: Դուք այն մասն եք, որ այդ մասին չպետք է խոսեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները