Բախչինյան. Նանսենի թանգարանը կլինի 52 քմ մակերեսով, որևէ ծառ չի հատվի
«Նանսենի թանգարանը կառուցվում է նրա ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն ներառված էր կառավարության ծրագրում, կա քաղաքապետարանի որոշում, թանգարանի կառուցման համար որևէ ծառ չի հատվելու»,-մեկնաբանելով Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում իրականացվող շինարարության շուրջ բարձրացված աղմուկը` Panorama.am-ին ասաց «Ֆրիտյոֆ Նանսենե հայաստանյան հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը:
Բախչինյանը հայտնեց, որ թանգարանը կառուցվում է բարերար բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ, իսկ թանգարանը պետք է դառնա մայրաքաղաքի սեփականությունը:
«Այնտեղ պետք է ցուցադրվեն Նանսենի կյանքին ու հայանպաստ գործունեությանը նվիրված գործեր»,-ասաց Բախչինյանը:
Ինչ վերաբերում է բնակիչների այն մտահոգությանը, թե նախորդների օրինակով այս շինությունն էլ հետագայում կարող է ծառայել որպես ինչ-որ մեկի օբյեկտ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ոչ, որևէ մեկի օբյեկտը չի դառնալու: 52 քմ մակերեսով թանգարան է լինելու և ծառայելու է որպես Նանսենի թանգարան: Այն գտնվելու է քաղաքապետարանի բալանսում»:
Բախչինյանն ասաց, որ դեռ տասը տարի առաջ այդ տարածքում քար էր տեղադրված, որը տեղեկացնում էր, թե այդտեղ տեղադրվելու է Նանսենի արձանը, նույն այգում կա նաև Նանսենի անձնագրի արձանը:
«Եթե այնտեղ կարելի է Գայի արձան կառուցել, Գայն ընդամնեը Լենինի ծննդավայրն է ազատագրել, իսկ Նանսենը 320 հազար հայի է օգնել և նա իրավունք ունի ունենալու 53 քմ-անոց թանգարան»,-ասաց Բախչինյանը:
Քաղաքապետարանից ևս հայտարարել են, որ շինարարությունն օրինական է ու որևէ ծառ չի հատվի:
Շինարարության մասին ահազանգել են բնակիչներն ու բնապահապպաները, նշելով, «շինարարությունը չի համաձայնեցվել տեղի բնակիչների կամքին, խեղաթյուրում է այգու տեսքը և որի կապակցությամբ տեղի չի ունեցել համապատասխան թույլտվությունների օրինական գործընթաց»: Նրանք շինարարությունը դադարեցնելու պահանջով դիմել են նաև Նոր Նորքի թաղապետարան:
Հիշեցնենք, որ նախորդ տարի լրացավ նորվեգացի գիտնական, բևեռախույզ, օվկիանոսագետ, հասարակական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի, բացառիկ հնարավորություններով օժտված գիտնականի և հասարակական գործչի ծննդյան 150-ամյակը: Նանսենը հայ ժողովրդի ճակատագրում վճռական դեր է խաղացել` Եղեռնից մազապուրծ հազարավոր հայերի համար նանսենյան անձնագրերը ապահովեցին կեցության ու տեղափոխման իրավունք: Նանսենի ձևակերպմամբՙ մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա