Լրատվամիջոցների վեճը շարունակվում է. Օհանյանի պատասխանը Ադումյանին
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը պատասխանել է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի` իր հասցեին արված հայտարարությանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը թերթը մի լուր էր տպագրել այն մասին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանին ազատել են աշխատանքից: Ի պատասխան Ադումյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նաև նշել էր. «Ես հասկանում եմ, որ պատվերն ու բարոյականությունը այս պարագայում անհամատեղելի են, սակայն «Հրապարակի» խմբագիրը խախտել է նաև մասնագիտական, լրատվական էթիկայի նորմերը»:
Անդրադառնալով տրված որակումներին «Հրապարակ» թերթի խմբագիրը մասնավորապես գրել է.
«Ի՞նչ է ասել Ադումյանը: Ասել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Թվում է, եթե այդպես է, այս նախադասությամբ պետք է ավարտվեր տեքստը: Քանզի եթե չկա պաշտոնաթողություն, ուրեմն ամեն ինչ օքեյ է, էլ ի՞նչ իմաստ ունի վրդովվելը: Բայց՝ ոչ: Պարզվում է, ըստ հեղինակի, տեղեկատվությունը «կրում է ակնհայտ պատվիրված բնույթ»: Երբեք չեմ հասկացել այն անձանց, ում թվում է, թե երկրագունդը պտտվում է իրենց շուրջ և մարդկանց ու կառույցների մի հսկա զանգված ուրիշ բան ու գործ չունեն, քան իրենց անձի դեմ դավեր նյութելը և իրենց դեմ «պատվերներ» տալը:
Նաև չեմ հասկանում, թե ով պետք է «պատվեր» տար սույն անձնավորության դեմ, որին մեզանից շատերը, այդ թվում՝ ես, ոչ դեմքով ենք ճանաչում, ոչ գիտենք թե ինչ հայացքների տեր է, ինչ է արել մինչ օրս և ինչ է ուզում անել, որ չեն թողնում, և ընդհանրապես՝ ինչ է իրենից ներկայացնում, որ թշնամիներ ունենա և ըստ այդմ՝ աշխատանքից հանելու «պատվիրատուներ»: Լուրը, որը հերքել է Ս.Ադումյանը, շուրջ 10 օր շրջանառվել է լրատվական միջավայրում, անշուշտ հիմնավոր է, համենայն դեպս՝ պրոցեսներ են գնացել և եթե մեր հրապարակման արդյունքում այդ պրոցեսներն առայժմ կասեցված են, դա դեռ չի նշանակում, որ դրանք չեն եղել: Բայց խնդիրը դա էլ չէ: Ոչ մեկս անսխալական չենք, այդ թվում «Հրապարակի» լրագրողները»:
Օհանյանն իր պատասխանում նշում է. «Մեզ և հեռուստադիտողներից շատերի համար բացարձակապես մեկ է, թե ով կլինի «Կենտրոնի» տնօրենը, որից համոզված ենք՝ շատ քիչ բան է կախված: Եվ այդ լուրը մեր թերթում տեղ է գտել այնքանով, որքանով դա ինչ որ խումբ մարդկանց կարող է հետաքրքրել»:
Անդրադառնալով Ս. Ադումյանի պատասխանի այս հատվածին` «Ես հասկանում եմ, որ պատվերն ու բարոյականությունը այս պարագայում անհամատեղելի են, սակայն «Հրապարակի» խմբագիրը խախտել է նաև մասնագիտական, լրատվական էթիկայի նորմերը: Ցավով եմ արձանագրում փաստը, միաժամանակ զգուշացնում, որ ցանկացած էժան պատվեր կարող է ծնել նաև հակազդեցություն: Վստահ եմ, «Հրապարակի» խմբագիրը ինձ հասկացավ», թերթի խմբագիրը նշում է. «Ուրեմն հատուկ ադումյանների համար ասում եմ՝ պատվերը դուք եք կատարում և ձեր ողջ կյանքում: Ինձ հետ սպառնալիքի լեզվով խոսել չեք կարող և ձեր տխմար զգուշացումները պահեք այն օրերի ու անձանց համար, երբ նրանց հրահանգով կարող եք հայտնվել առյուծների վանդակի մոտակայքում»: