Վարչապետը վստահեցնում է, որ առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձը կկրկնապատկվի
Հայաստանի տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումն առաջիկա հինգ տարվա ընթացքում կունենա երկրի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ Այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագիրը:
Նրա խոսքերով՝ Կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորությունները:
Վարչապետը նշեց, որ Կառավարության ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված՝ նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Տ.Սարգսյանի խոսքերով՝ կառավարության գործունեության ծրագրում ընկած են 3 գերակայություններ՝ տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Վարչապետը հատկանշական համարեց ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումն ու միջին աշխատանքային կենսաթոշակի մակարդակի բարձրացումը՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի: «Թույլ համաշխարհային պահանջարկը և արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ ծրագրի համաձայն` առաջիկա հինգ տարիների ընթացքում աղքատության մակարդակը 8-10 տոկոսային կետով կրճատվելու է, ծնելիության գումարային գործակիցն աճելու է` հասնելով մինչև 1.8-ի, բացի այդ կստեղծվեն 100 հազարից ավելի նոր աշխատատեղեր, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա