Ա. Զաքարյան. Հայկական կողմի դիրքորոշումներն ամբողջովին համահունչ են ԵԱՀԿ ՄԽ-ի և միջազգային հանրության դիրքորոշումներին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների Լոս Գաբոսյան համատեղ հայտարարությունը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, շարունակում և շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մեքսիկական Լոս-Կաբոսում G20-ի գագաթաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել. «Ռազմական ուժի կիրառությունը չի բերելու հակամարտության լուծմանը, այլ միայն երկարացնելու է այն տառապանքն ու թշվառությունը, որին երկար ժամանակ ենթարկվում են տարածաշրջանում ապրող ժողովուրդները: Միայն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը թույլ կտա ելք գտնել ստեղված իրադրությունից և ապահովել տարածաշրջանի անվտանգ ապագան ու բարգավաճումը»:
Նրա խոսքերով, հայտարարությունն իր մեջ պարունակում է բոլոր այն անհրաժեշտությունները, որոնք պարբերաբար հնչեցվում են պաշտոնական Երևանից:
«Դա դիպուկահարների հետքաշման, խաղաղ կարգավորման որոշումների ընդունման, ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու, կառուցողական մոտեցումներ ցուցաբերելու, Հելսինկյան եզրափակիչ ակտի իրավահավասար կիրառման, տարածաշրջանային անվտանգության և կայուն խաղաղության ապահովման և փոխըմբռնման հիման վրա բանակցությունները շարունակելու անհրաժեշտություններն են:
ԵԱՀԿ ՄԽ կողմից սույն հայտարարությամբ կողմերին ուղղված բոլոր հորդորները տարիներ ի վեր եղել են և մնում են հայկական կողմի կառուցողական, հանդուրժողական և վստահելի քաղաքականության հիմքում` ձգտելով միայն և միայն խաղաղ և արդարացի հանգուցալուծման: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ հայկական կողմի դիրքորոշումներն ամբողջովին համահունչ են ԵԱՀԿ ՄԽ-ի և միջազգային հանրության դիրքորոշումներին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր անգամ, երբ տարածաշրջանում Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում մեծանում է լարվածությունը և ի հայտ են գալիս նոր պատերազմի վտանգներ, այդ դեպքում է միայն միջազգային հանրությունը կողմերին զսպվածության և կառուցողականության կոչեր անում:
«Ցավոք, յուրաքանչյուր անգամ մենք ունենում ենք զոհեր և վիրավորներ ու այդ գնով ենք պահպանում հարաբերական խաղաղությունն ու սահմանային անվտանգությունը: Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը ընդհանուր մոտեցումներից որոշ հարցերում կատարի նաև մասնավոր դիտարկումներ, հատկապես, Ադրբեջանի ռազմատենչ, հայատյաց գործողությունների կանխարգելման, հրադադարի ռեժիմի պարտադրման մեխանիզմների կիրառման համար:
Դա ավելի կոնկրետ քայլ կլինի փոխվստահության անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման համար: Իսկ Լոս Գաբոսյան հայտարարությունը գալիս է ամրապնսելու, լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի համատեղ հայտարարությունների ոգին ու գաղափարը: Այն է` խաղաղ ճանապարհով դեպի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականության հարգման պարտավորություններով` մանավանդ, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի ներկայիս հանրապետության տարածքային ամբողջականության»,- ասաց Ա. Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան