Փորձագետ. Ադրբեջանը ահռելի գումարներ պետք է ծախսի, եթե ցանկանում է «Կալաշնիկովը» փոխարինել իսրայելական ինքնաձիգով
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ադրբեջանը որոշել է բանակի սպառազինության մաս համարվող ռուսական արտադրության «Կալաշնիկով» ինքնաձիգերը փոխարինել իսրայելականով: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Նրա խոսքերով, վերջերս իսրայելական այս կամ այն զենքերի կամ տեխնիկական միջոցների մասին հաճախակի ենք լսում ադրբեջանական մամուլից:
«Իհարկե իսրայելական զենքերը լավն են, երբեմն բացառիկ, սակայն դրանց արտադրության կամ գնելու մասին լուրերը Ադրբեջանի դեպքում ունեն նաև քաղաքական նպատակներ: Մենք արդեն նշել ենք, որ դրանցում լինում են նաև բացառիկ կեղծարարություններ, ինչպիսին եղան «Lynx» համազարկային հրթիռային համալիրի հետ:
Զուտ ռազմական կամ ռազմատեխնիկական տեսանկյունից նշված ինքնաձիգի ներմուծումը մեծ հարցեր է առաջացնում: Նախ և առաջ դեռ անցած տարի հայտարարություն եղավ այն մասին, որ Ադրբեջանը ռուսական կողմի հետ կնքում է Կալաշնիկովի նորացված ինքնաձիգների արտադրության պայմանագիր: Մինչ այդ խոսք էր գնում նաև սեփական նախագծի համանման զենքի արտադրության մասին և այլն: Դրանից հետո այս հայտարարությունը առնվազն տարօրինակ է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ չգիտես ինչու, նաև համանման հայտարարությունների ժամանակ գրեթե միշտ նշում են, որ այդ զինատեսակների համար հիմնվելու են գործարաններ:
«Մենք գիտենք, որ ադրբեջանական բանակում սեր ունեն զենքերի մեծ տեսականիների հետ, կարող են առանց հիմնավորման նույն զորատեսակում կիրառել մի քանի տեսակի զենքեր, ինչը առաջացնում է լրացուցիչ դժվարություններ յուրացման, սպասարկման, զինամթերքի մատակարարման և այլ հանգամանքների հետ: Ադրբեջանական բանակում բացի «կալաշնիկովներից» կիրառվում են` «TAR-21», «MP5», «HK» «G3», «Scorpion EV03 A1» և այլ ինքնաձիգներ: «Տավոր» ինքնաձիգները ժամանակակից զենք են, միգուցե նաև շատ հեռանկարային, սակայն դա Ադրբեջանին ոչ մի առարկայական առավելություն չի կարող տալ, եթե չասենք որ կստեղծի լուրջ դժվարություններ:
Կալաշնիկովի ինքնաձիգի հիմնական առավելությունը իր մրցակիցներից առաջին հերթին պարզությունն է: Ադրբեջանցի զինվորները այն հեշտությամբ էին յուրացնում, դժվար է պատկերացնել որ նրանք ավելի լավ կտիրապետեն ավելի բարդ զենքին, ինչպիսին հանդիսանում է TAR-21-ը: Իսրայելական զենքը նաև զգալիորեն թանկ արժէ, իսկ եթե հաշվի առնենք, որ այն սնուցվում է ՆԱՏՕ-ական չափանիշների 5,56 մմ-ոց փամփուշտներով նշանակում է Ադրբեջանը ահռելի գումարներ պետք է ծախսի ողջ պաշարը փոխելու և հետո էլ մշտապես համալրելու համար: Այս հանգամանքը նշանակում է նաև որ դրա հետ մեկտեղ պետք է փոխվեն նաև գնդացիրների որոշ տեսակներ, քանի որ համազորային փոքր ստորաբաժանումների համար դրանք պետք է համատեղված լինեն»- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան