ՄԽ համանախագահ երկրների ղեկավարները ԼՂ հարցով հայտարարություն են ընդունել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մեքսիկական Լոս-Կաբոսում G20-ի գագաթաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Ֆրանսիայի նախագահներս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վճռական նվիրվածության հարցում միասնական ենք: Հակամարտության կողմերը չպետք է հետաձգեն երկարաժամկետ ու խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր որոշումների ընդունումը: Մենք ցավում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վճռական քայլեր չձեռնարկեցին, որին մեր երկրները կոչ էին անում 2011 թվականի մայիսի 26-ին Դովիլում արված համատեղ հայտարարությամբ: Այդուհանդերձ, արդեն իսկ ձեռք բերված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի համապարփակ խաղաղության ապահովմանը տանող շրջանակային համաձայնությունների աշխատանքներն ավարտելուն:
Մենք հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն «արագացնելու» պարտավորությունը, որն ամրագրված է 2012 թվականի հունվարի 23-ին Սոչիում իրենց արված հայտարարության մեջ: Ի հաստատումն իրենց քաղաքական կամքի նրանք պետք է բանակցություններում ձեռնպահ մնան մաքսիմալիստական դիրքորոշումներից, հավատարիմ մնան կրակը դադարեցնելու մասին 1994 թվականի համաձայնագրին և խուսափեն լարվածությունը շիկացնող թշնամական հռետորաբանությունից: Առաջնորդներին կոչ ենք անում ղեկավարվել Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, և կարգավորման տարրերով, որոնք սահմանվել են մեր երկրների համատեղ հայտարարություններում` 2009 թվականին Աքվիլայում և 2010 թվականին Մուսկոկայում:
Ռազմական ուժի կիրառությունը չի բերելու հակամարտության լուծմանը, այլ միայն երկարացնելու է այն տառապանքն ու թշվառությունը, որին երկար ժամանակ ենթարկվում են տարածաշրջանում ապրող ժողովուրդները: Միայն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը թույլ կտա ելք գտնել ստեղված իրադրությունից և ապահովել տարածաշրջանի անվտանգ ապագան ու բարգավաճումը:
Մեր երկրները շարունակում են կողմերի հետ սերտ աշխատանքը: Մենք կոչ ենք անում նրանց ողջ ծավալով օգտագործել Մինսկի խմբի համանախագահների առաջարկած միջնորդական աջակցությունը: Սակայն վերջին հաշվով խաղաղության ճակատագիրը կախված է ոչ թե միակողմանի առավելությունների հասնելու ճանապարհն ընտրելուց, այլ հակամարտության կողմերի` փոխըմբռնման հիման վրա համաձայնության գալու պատրաստակամությունից, նաև` այն օգուտների ընդհանուր գիտակցումից, որոնք խաղաղությունը կբերի ժողովուրդներին ու նրանց սերունդներին»: