Նախարարն արձագանքել է աշակերտի նամակին
Հունիսի 15-ին կազմակերպված «Անգլերեն» առարկայի միասնական քննությունից հետո Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտ Մովսիսյան Գևորգը նամակով դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաև մի շարք էլեկտրոնային պարբերականներում:
Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել է Գնահատման և թեստավորման կենտրոն՝ ուսումնասիրության:
ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է. «Թեստերի բոլոր 4 տարբերակները, բնականաբար չեն կարող լինել բացարձակ նույնական, ուստի որոշակի տարբերություններ թեստային առաջադրանքներում պետք է լինեն: Այդ տարբերությունները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդության աստիճանի վրա:
Հարկ է նշել, որ բարդության աստիճանը թեստաբանական տերմին է, և դրա ճշգրիտ մեծությունը հայտնի է դառնում (հաշվվում է) վիճակագրական վերլուծություններից հետո: Հաճախ առաջին հայացքից բարդ թվացող թեստը իրականում պարզվում է ավելի հեշտ է և հակառակը:
Բարեբախտաբար, այս տարվա «Անգլերեն» առարկայի միասնական քննության պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթե նույն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազվագյուտ երևույթ է և բնութագրում է թեստերի համարժեքությունը՝ բարդության տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ անգլերենի միասնական քննությունների բարդության հետ կապված Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար 1 դասարանի աշակերտ Գևորգ Մովսիսյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին նամակ է հղել հետևյալ բովանդակությամբ.
«Հարգելի´ պարոն Աշոտյան, Ձեզ գրում եմ Անգլերենի միասնական քննությունների վերաբերյալ. պարո´ն նախարար, հետաքրքիր է՝ քննության թեստերը կազմելիս կազմողներն ուշադրություն դարձրե՞լ են, որ երկու թեստերն էլ (ինչպես գիտենք 1-ին և 3-րդ ու 2-րդ և 4-րդ տարբերակները համընկնում են) բարդությամբ լինեն նույն մակարդակի:
Հիրավի, բողոքելու ոչինչ չէի ունենա, եթե երկու տարբերակներն էլ նույն բարդության լինեին, սակայն այնպես է ստացվում, որ առաջին ու երրորդ տարբերակ գրողներն անհամեմատ ավելի բարձր գնահատականներ են ստացել (և կարող էին ստանալ), քան երկրորդ և չորրորդ տարբերակ գրողները: Առհասարակ ես դեմ չեմ, որ քննություններն անցկացվեն բարդ թեստերով, բայց բնականաբար դեմ եմ, որ մեր հնարավոր միավորները լինեն բախտի քմահաճույքին, քանզի թեստերի բարդության մակարդակները ընդհանրապես չէին համապատասխանում իրար: Երկրորդ և չորրորդ տարբերակում առկա էին այնպիսի բառեր, որոնք գիտենում են կոնկրետ մասնագիտության տեր մարդիկ, և այդ բառերը սակավգործածելի են:
Խնդրում եմ հնարավորինս ուշադրություն դարձնել այս առարկայի թեստերին, քանի որ տարբերություն, իրոք, կար»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան