Ընդունելության քննություններն անցնում են սահուն և առանց միջադեպերի. Գայանե Մանուկյան
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում պետական ավարտական և միասնական քննություններն եզրագծին են մոտենում: Հունիսի 22-ին վերջին քննական օրն է.այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաներից:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը լրագրողների հետ զրույցոմ նշեց, որ քննությունների ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել, քննությունները անցնում են սահուն: Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի քննությունների միջին միավորը բարձր է, քանի որ տարեցտարի քննական կարգը կատարելագործվում է, և դիմորդներն արդեն աշակերտական սեղանից ծանոթ են լինում թեստային առաջադրանքներին` ձևաթուղթ լրացնելուն, ուստի դրական բարձր միավորը տրամաբանության սահմաններում է:
Նշենք, որ երեկ որոշ ուսուցչուհիներ բողոքել էին, որ շտեմարան կազմողներն ինչպես հարկն է, չէին ուսումնասիրել իրենց կողմից առաջադրված հարցերը, շտեմարանում հաճախ սխալ են շարադրված վարժության պահանջների հարցադրումները և երեխայից պահանջում են մի բան, ինչը դպրոցում՝ ծրագրով նախատեսված չի անցել:
Անդրադառնալով խնդրին, Գ.Մանուկյանը նշեց, որ ԳԹԿ-ն ՀՀ կառավարությունից ստացել էր մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն առարկաների գծով շտեմարաններ կազմելու հանձնարարականներ: Այդ նպատակով կրթության և գիտության նախարարը դիմել էր բոլոր դպրոցներին` խնդրելով, որ ուսուցիչները ներկայացնեն թեստային առաջադրանքներ, իսկ ԳԹԿ-ն էլ դիմել էր կրթության վարչություններին, որպեսզի ներկայացնեին իրենց մասնագետներին: Այսինքն` շտեմարանների առաջադրանքները կազմվել են ներկայացուցչական խմբով:
Գ.Մանուկյանի խոսքերով` ԳԹԿ-ն համագործակցության առաջարկ արել էր նաև վաստակավոր ուսուցչուհիներին, դասախոսներին: «Երբ հրատարակվեց «Հայոց լեզու և գրականություն» շտեմարանի երրորդ հատորը, ԳԹԿ-ն բարձրաձայնեց, որ եթե նկատել են վրիպակներ, ապա դիմեն իրենց, որպեսզի ապագա շտեմարաններում ուղղված տարբերականերով այդ առաջադրանքները ներառվեն: Մի քանի ուսուցիչներից ստացվել են առաջարկները»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ այդ հարգարժան ուսուցիչների դիտողությունները սիրով կընդունեն: «ԳԹԿ-ն համագործակցության առաջարկը կրկին ուղղում է բոլոր շահագրգիռ անձանց, քանի որ շտեմարանները պետք է համալրվեն այլ առաջադրանքներով: Իսկ այն վրիպակները, որ նկատել են, թող ներկայացնեն ԳԹԿ-ին, որպեսզի առաջադրանքները խմբագրվեն և հետագայում թողարկվող շտեմարաններում լինեն վերանայված տարբերակները», - ասաց Գ.Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան