Էլինա Դանիելյանը հաստատեց իր բարձր կարգը
Կազանում ընթացող կանանց շախմատի «Գրան պրիի» 8-րդ տուրում միանգամից չորս պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Արդյունավետ կարող էին լինել նաև Բեթուլ Յիլդիզի և Վիկտորյա Չմիլիտեի մասնակցությամբ պարտիաները. նրանք մեծ առավելություն ունեին Նադեժդա և Տատյանա Կոսինցևա քույրերի հետ մրցակցությունում, բայց կորցրեցին հաղթելու հնարավորությունը:
Տուրի կենտրոնական պարտիայում Էլինա Դանիելյանը հաստատեց մրցաշարի առաջատարի բարձր կոչումը` վստահ հաղթանակ տոնելով մոտակա հետապնդողներից մեկի` Կատերինա Լահնոյի նկատմամբ: Աննա Մուզիչուկն Ալիսա Գալյամովայի հետ պարտիայի մեկնարկում լավ դիրք ստացավ, սակայն հետո մի քանի ոչ ճիշտ քայլ կատարեց և սևերին հնարավորություն տվեց հավասարեցնել խաղը: Իսկ խորքային էնդշպիլում սլովեն շախմատիստուհին, այնուամենայնիվ, կարողացավ պոկել հաղթանակը:
Աշխարհի գործող չեմպիոնուհի Յիֆանն Ալեքսանդրա Կոստենյուկի հետ խաղում g7 դաշտում զոհեց երկրորդ ձիուն, ինչպես դա տեղի ունեցավ Անտուանետա Ստեֆանովայի հետ 6-րդ տուրի խաղում: Չինուհու գրոհը վճռորոշ եղավ. ռուս շախմատիստուհին չկարողացավ պահպանել իր դիրքը: Իսկ Համփի Կոներուն առավելություն ստացավ Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ և հստակ իրացրեց այն:
Այսպիսով` 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը նախկինի պես գլխավորում է Էլինա Դանիելյանը` իր ակտիվում ունենալով 6 միավոր: Աննա Մուզիչուկը 5,5 միավորով երկրորդն է: Վիկտորյա Չմիլիտեն ու Համփի Կոներուն 5-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Յիֆանը որոշ չափով բարելավեց իր մրցաշարային վիճակը և այժմ 4,5 միավոով 5-6-րդ տեղերն է զբաղեցնում Կատերինա Լահնոյի հետ: Նադեժդա Կոսինցևան վաստակել է 4, Ալեքսանդրա Կոստենյուկն ու Տատյանա Կոսինցևան` 3,5-ական, Անտուանետա Ստեֆանովան` 3, Ալիսա Գալյամովան` 2, Բեթուլ Յիլդիզը` 1 միավոր:
Վաղը կայանալիք 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա