Գյուղացին կանգնել է խնդրի առջև… Կարտոֆիլը, կաղամբը շատ է, իրացում չկա
Գյուղացիներն ահազանգում են, որ գարնանացան կաղամբի, կարտոֆիլի ավելցուկ կա, բայց իրացում չկա, բերքը մնում է հողի տակ ու փչանում, իսկ շոգի պատճառով հողի տակից շուտով կհանվի արդեն «պատրաստի չիփս»: Այս ահազանգը լրագրողներին փոխանցեց Արարատի մարզի Դարակերտ համայնքից ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:
Ըստ նրա, գյուղացին այսօր նման խնդրի առաջ կանգնել է, քանի որ և կարտոֆիլը, և կաղամբը չի արտահանվում, որովհետև այդ գործով ոչ ոք չի զբաղվում. եկամտաբեր չէ: Վ. Խոդեդանյանը նշեց, որ և գյուղացին, և պետությունը օգուտներ կունենա, եթե արտահանվեն, բայց այն չափով, որքան որ ավելանա, այսինքն մեր բնակչության պահանջը բավարարվի, նոր մնացած մասը հանվի երկրից:
Ֆերմերն ասաց նաև, որ այսօր գյուղացու կողքին ոչ ոք կանգնած չէ, միայնակ է, թեև միաժամանակ նշեց, որ գոհ է գյուղնախարար Սերգո Կարապետյանի աշխատանքից` խորհուրդ տալով նրան բանիմաց տեղակալներով իրեն շրջապատել:
Ֆերմեր Արթուր Դեմիրճյանը, ի տարբերություն համագյուղացու, դժգոհություն արտահայտեց գյուղատնտեսության նախարարության աշխատանքից. «Չեմ ասի, թե լավ է աշխատում, գյուղերում գյուղատնտեսներ չկան, որ գնաս ու խորհուրդ հարցնես` այս ինչ միջատի դեմ ինչ սրսկեմ, ինչ ցանեմ, ինչպես ցանեմ»: Պատասխանելով այն դիտարկմանը, թե գյուղնախարարությունից ասում են, որ մեր հողերը բարենպաստ են գրեշկայի ու այլ բաներ ցանելու համար, նա ասաց, որ միայն ասում են, բայց թող գան ու ցույց տան` ինչպես ցանեն, ինչպես մշակեն, քանի որ դա նորություն է գյուղացու համար: «Ցանում ենք այն, ինչ գիտենք` ինչպես մշակել: Թող գան ու ցույց տան: Այսօր գյուղացուն ուղղություն ցույց տվող չունի»,- ասաց Ա. Դեմիրճյանը:
Վ. Խոդեդանյանն առաջարկում է ստեղծել կոլեկտիվ տնտեսություններ` օրինակ ունենալ խորհրդային փորձը, պետությունն ապահովի իրացում, դոտացիա տա, որը գյուղացին տարեվերջին վերադարձնի ամբողջությամբ, ու այդ դեպքում մի քանի տարուց գյուղացին որևէ խնդիր չի ունենա»,- ասաց ֆերմերը: