Ֆրանսիայում առաջին անգամ իշխանության գերկենտրոնացում է
Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանության տարբեր ճյուղերը վերահսկվում են միևնույն` Սոցիալիստական կուսակցության կողմից:
Անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սոցիալիստական կուսակցությունն ու նրա դաշնակիցները կարողացան տիրանալ Ազգային ժողովի 577 մանդատներից 314-ին: Սա բացարձակ մեծամասնություն է և կուսակցությունը կոալիցիաների գնալու անհրաժեշտություն չունի:
Խորհրդարանի վերին պալատում` Սենատում, Սոցիալիստական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չունի, սակայն ձախակողմյան դաշնակիցների հետ տնօրինում է ձայների կեսից ավելին` 348 մանդատներից 177-ը:
Պետական իշխանությունը Սոցիալիստական կուսակցության ձեռքում կոնսոլիդացնելու կարևորագույն փուլն, իհարկե, այս տարվա ապրիլին ու մայիսին կայացած նախագահական ընտրություններն էին, որոնց արդյունքում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն առավելության հասավ Նիկոլա Սարոկզիի նկատմամբ:
Եթե նկատի ունենանք, որ սոցիալիստներ են երկրի 22 վարչական շրջաններից 21-ի ղեկավարները, ինչպես նաև խոշոր քաղաքների ու դեպարտամենտների ղեկավարները, ապա ստացվում է, որ Ֆրանսիայում իշխանությունը ամբողջությամբ կամ մեծմասամբ կենտրոնացած է մեկ` Սոցիալիստական կուսակցության ձեռքում: Նման բան Հինգերորդ հանրապետության հիմնումից ի վեր երբեք չի եղել: Ինչպես կատակում են փորձագետները, սոցիալիստները տիրացել են «Մեծ սաղավարտի» բոլոր մրցանակներին:
Սրանով հանդերձ որևէ մեկը կասկած չունի, որ ֆրանսիական ժողովրդավարությունն իրավիճակից չի տուժելու: Սոցիալիստական կուսակցությունն արդեն իսկ խոստացել է հավատարիմ մնալ ավանդույթներին ու կառավարել խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: «Գործող ժողովրդավարության պայմաններում բացարձակ մեծամասնությունը չի նշանակում բացարձակ իշխանություն: Ֆրանսուա Օլանդի օրոք այդպես էլ կլինի»,- հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նաջաթ Վալո-Բելկասեմը: Նա վստահեցրել է, որ ֆրանսիացիները «աջերի երկարամյա ավտորիտար կառավարումից հետո» կզարմանան իշխանության հարգալից վերաբերմունքի վրա:
Բոլոր դեպքերում, Ֆրանսիայում իշխանության եկած ուժը մտածում է ոչ այնքան բացարձակ մեծամասնությունը իրացնելու, այլ` քաղաքացիների աննախադեպ վստահությունն արդարացնելու ուղղությամբ:
Նշենք, որ Հինգերորդ հանրապետության պատմությունը սկսվում է 1958 թվականից` կապված պայմանավորված նոր սահմանադրության ընդունմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա