Նկարահանումներն արգելվում են ընտրողաբա՞ր. Ու՞մ ծառայեց «Չենք լռելուն», ու՞մ օգնությամբ…
ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը Panorama.am-ին վստահեցրել է, որ հոսպիտալի տարածքում նկարահանումներ իրականացնել չի կարելի, բայց միաժամանակ նա չի կարողացել բացատրել, թե ինչու և ինչ պայմաններում է արգելքն ուժի մեջ ոմանց դեպքում, իսկ մյուսների դեպքում` ոչ:
Երեկ ինտերնետի հայկական սեգմենտը ողողված էր հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին հրապարակումներով՝ ընդ որում իրարից մի տառ ու բառ փախցնելով:
Նկատենք սակայն, որ լրատվամիջոցների համար մի նոր բան իրարից փախցնելու այլընտրանքը թերևս չկար, քանի որ ոստիկանության կողմից երկու անգամ տված պարզաբանումից հետո ակնհայտ «բլոկադա էր հայտարարված» նախ «Հարսնաքար»-ի աշխատակիցների մոտ և ապա ՊՆ քննչական մարմնում, որը քննության առավ միջադեպի փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևաքնով տուժել են ՊՆ երեք զինվորականներ, որոնք այժմ գտնվում են Զինվորական հոսպիտալում և նրանց վիճակը ծանր է:
Ի դեպ, մինչ այս պահը լուռ են նաև տուժողների հարազատները, «անհետացած են» միջադեպի մյուս մասնակիցները կամ գոնե լրագրողները չփորձեցին նրանց խոսեցնել:
Փոխարենը սակայն երեկ անթույլատրելի աստիճանի բաց ու թափանցիկ գործեց Զինվորական հոսպիտալը՝ լրագրողների մուտքն ապահովելով և անգամ ոմանց սիրահոժար նկարահանման հնարավորություն ապահովելով:
Երեկ միջադեպի լուրը տարածվելուն պես, մինչ լրագրողներն իրենց կապերն ու հնարամտությունը գործի կդնեին թեմայի վերաբերյալ նոր մանրամասներ հայթայթելու ուղղությամբ, անհայտ անձանցից կազմավորված հայտնի «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն անասելի արագությամբ և դյուրին ճանապարհով կարողացավ ներս խուժել ռազմական հոսպիտալի տարածք և հենց վերակենդանացման բաժանմունքում առանց որևէ խոչընդոտի նկարահանել միջադեպից տուժածներին (ինչը խստիվ արգելվում է) և հարցազրույց կազմակերպել ռեանիմացիայի բաժնի վարիչի հետ:
Այսինքն` օրինակ «Չենք լռելու»-ին հասու և մատչելի եղավ մի բան, որն արգելված էր ցանկացած լրատվամիջոցին՝ ոչ թե այն պատճաոռվ, որ լրագրողներն այդքան ճկուն ու հնարամիտ չգտնվեցին, այլ որովհետև խմբի աշխատանքի հետևում հնարավոր է կար կոնկրետ հովանավորող անձ և գուցե նաև նպատակ:
Մեր այս դիտարկմանը հոսպիտալի պետ Արամ Ասատրյանն այդպես էլ չկարողացավ մի պարզ բացատրություն տալ կամ արձագանքել այնքան համոզիչ, որ ցրեր մեր կասկածները: Նա առնվազն նյարդայնացած սկսեց բղավեց.
«Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, նորմալ ասեցի չհասկացաք…Ես թույլ չեմ տվել նկարահանել: Ինձ մոտ նկարահանումը խստագույս արգելվածա, չեմ կարող ձեզ թույլ տալ»:
Մեր պնդմանը, թե Ասատուրյանի ղեկավարած ռազմական նշանակության օբյեկտում ուրիշ էլ ո՞վ կարող է իր փոխարեն թույլ տալ նկարահանում իրականացնել և այն էլ վերակենդանացման բաժանմունքում, պետն ավելի բորբոքվեց ու գոռաց.
«Էդ հարցաքննու՞մ ես ինձ . ..Ուրեմն պատահական նկարահանում է եղել: էտ էլ ձեր լրագրողների պարկեշտությունը…ինչ ասեմ: Ո՞վ ա իրավունք տվել լրագրողին նկարահանել, լրագրողն ինքը պետք ա մի քիչ պարկեշտ լինի: Իսկ, էդ նկարողին պիտի տայի ջարդեի կամեռան, նոր իմանար: Որեմն` հարցրեք իրավունք ստացելա նկարահանման թե չէ: Դե ուրեմն որտեղ բռնեմ, ես կասեմ իրան, թե ինքը ոնցա նկարել: Ոչ մեկ չի անելու նկարահանում ու ընդհանրապես ոչ մի լրագրողի մոտիկ չեմ թողելու, եղավ: Ընդհանրապես 10 մետր շառավիղով մոտ չեմ թողելու հոսպիտալին: Թող հլը մի հատ լրագրող մոտենա: Ոչ ձեզ եմ թույլ տալու ես, ոչ էլ մնացածին»:
Նշենք, որ «Չենք լռելու»-ի հայտնի տեսանյութը «youtube»-ում հայտնվելուց հետո Panorama.am-ի թղթակիցը ևս ամեն կերպ փորձեց տեսանկարահանել տղաներին, հոսպիտալում խոսել նրանց հարազատների հետ, սակայն թե՛ ՊՆ-ի լրատվության վարչության և թե հոսպիտալի ղեկավարության կողմից կտրականապես մերժվեց և համարյա առանց մեկնաբանությունների:
Ուրեմն այդ ու՞մ հովանավորությամբ երեկ այդքան արագ գործեց «Չենք լռելու»-ն, ո՞րն էր նպատակը կամ թիրախը…
Այսքանից հետո մեզ այլ բան չի մնում անել՝ քան կասկածել, որ երկակի խաղ է խաղացվում, կամ այսպիսի իրավիճակից օգտվելով ծառայություն է մատուցվում, բայց հայտնի չէ` ում:
Հիշեցնենք, որ անցած տարի «Չենք լռելու» նախաձեռնողական խումբն իր գործունեությունն սկսեց հենց ՊՆ-ում կատարվող անկարգություններն ու սպանությունները տեսանյութերի միջոցով բարձրաձայնելով, ինչը որոշ պաշտոնյաների շրջանոււմ կասկածների տեղի տվեց ու ավելորդ լարվածություն մցրեց ՊՆ-ԶԼՄ-ներ շփումներում:
Հ.Գ. ՊՆ Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը թեև նյարդայնացած էր երեկ անթույլատրելի վայրում «Չենք լռելու» -ի կողմից «պատահաբար » արած նկարահանումից, բայց և զարմանալի կերպով այդպես էլ խուսափեց ասել՝ նկարահանումից մեկ օր անց հաջողվե՞լ է իրեն պարզել, թե ով է իր ղեկավարած բուժհաստատությունում ընդառաջել նկարահանող խմբին, և եթե այնուամենայնիվ պարզի, արդյո՞ք մեղավորը կպատժվի, թե՞ ոչ:
Ռազմական հենակետային տարածքը (բլինդաժը) ևս արգելված զոնա է..Ուրեմն լավ է, որ նույն տարածքը ևս Արամ Ասատուրյանի ենթակայությամբ չէ , հակառակ դեպքում սա ևս շատերի համար մատչելի կարող էր լինել:
Նախորդիվ`
Ինչո՞ւ է դատախազը ոստիկանություն վերադարձրել «Հարսնաքար»-ի գործը
Ի՞նչ կատարվել «Հարսնաքար»-ում. Տնօրենը պնդում է, որ ծեծկռտուքին մասնակից է եղել համալիրի անվտանգության աշխատակիցը
«Հարսնաքար»-ի գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ հետ է ուղարկվել ոստիկանություն
Հոսպիտալում ՊՆ տուժած զինվորականներին ավելացել է ևս մեկը. Նա ավագ լեյտենանտ է
«Հարսնաքար»-ում ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում