Հոսպիտալում ՊՆ տուժած զինվորականներին ավելացել է ևս մեկը. Նա ավագ լեյտենանտ է
«Հարսնաքար»-ում հունիսի 17-ի երեկոյան տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով ծանր վիրավորված ՊՆ մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը` կայուն ծանր: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրին ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ Ավետյանի մոտ ծեծի հետևանքով ախտորոշվել է ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա: Իսկ Բայադյանը ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք, նրա մարմնի վրա եղել են նաև քերծվածքներ:
Տարօրինակ է, որ տուժածների թիվն ավելացել է ևս մեկով. Զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանն է: ՊՆ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ երեկ չէր հաղորդվում երրորդ տուժածի մասին, ՊՆ լրատվական ծառայությունից ասացին, որ այդ հարցով դիմենք ՊՆ քննչական ծառայություն:
Սակայն այստեղից լրատվական ծառայության ղեկավար Մերի Սարգսյանն ասաց, որ իրենց դեռևս քրեական գործը չեն ստացել, հետևաբար որևէ տեղեկություն հաղորդել չեն կարող:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»: Քրեական գործը ոստիկանությունից երեկ օրվա վերջում ուղարկվեց ՊՆ քննչական ծառայություն:
Panorama.am-ի հետ զրույցում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ներկայացրել էր մանրամասներ և ասել, որ «Նրանք լավ խմած էին, սկզբում հինգ հոգի էին` մեկը աղջիկ, հետո միացավ ևս մեկ աղջիկ: Սպորտային հագուստով էին...Մեր մատուցողը նկատել է, որ մենեջերը չի թույլատրում սպորտային հագուստով մտնել համալիր: Իսկ նրանք գինովցած, խմած վիճակում ու շատ վատ արտահայտություններով մատուցողին անպատվում են, հետո մատուցողին հրավիրում են դուրս, նրա վրա են հարձակվում: Եվ երբ այդ ամենը տեսնում է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը գնում է, հրում են իրար ու նրանցից մեկը այդ կարճ պահին վայր է ընկնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները