Արցախի ԿԸՀ նախագահ. Վստահ եմ, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար
Այսօր Արցախում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Այն կշարունակվի մինչև հուլիսի 17-ի ժամը 24.00-ն: Panorama.am-ը Արցախի ընտրությունների կազմակերպման վերաբերյալ մի քանի հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանին:
-Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրա՞ստ է կազմակերպել ու անցկացնել ազատ ու արդար ընտրություններ:
-Հենց այդ նպատակին էլ նվիրված են մեր իրականացրած աշխատանքները, և վստահ եմ, որ այդսպես էլ կլինեն:
-Թեկնածուներից մեկը` Վիտալի Բալասանյանը, հունիսի 15-ին բաց նամակով դիմել էր գործող նախագահին, որտեղ նշել էր, թե վերջինս օրենք է խախտում, «քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը և անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում»: Հանձնաժողովն արձագանքե՞լ է այդ նամակին:
-Գիտեք, որևէ կոնկրետ փաստ չկար այդ նամակում: Ընդհանուր բաներ են: Ոչ մի թեկնածուի ցուցապաստառ մինչև այսօր որևէ տեղ չի եղել, նախընտրական բոլոր շտաբներն այսօր են բացվել: Ես պաշտոնապես հայտարարում եմ: Այսօր Հանձնաժողովը նիստ է հրավիրել, բոլոր թեկնածուներին հիշեցրել ենք ընտրական օրենսդրությունը, որպեսզի բոլորը դրա պահանջներին համապատասխան անցկացնեն իրենց քարոզարշավը:
-Այսինքն` բոլոր թեկնածուների համար հավասա՞ր պայմաններ են ապահովված:
-Այսօրվա նիստում Ընտրական օրենսգրքի պահանջներից ելնելով, մենք ժամանակացույց ենք հաստատել բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ենք ստեղծել հեռուստատեսության և ռադիոյով հանդես գալու համար: Բոլոր թեկնածուներն իրավունք ունեն օգտվել մինչև 30 րոպե անվճար և 80 րոպե վճարովի եթերաժամանակից: Իսկ մինչ այդ մենք մեր կայքէջում տեղադրել ենք Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում քարոզչության համար անվճար տրամադրվող դահլիճների ցանկը:
-Այս պահի դրությամբ ինքնաբացարկներ կա՞ն:
-Ոչ, թեկնածուները չորսն են:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսի 19-ին: Երկրի ղեկը ստանձնելու համար պայքարում են չորս թեկնածուներ`պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, թոշակառու Վալերի Խաչատրյանը, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը: Նրանք բոլորն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրվել են:
Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար: