Քաղաքացիներն ահազանգում են՝ հացը թանկացել է, մինչդեռ ՏՄՊՊՀ-ն ալյուրի թանկացում չի արձանագրել
Այսօր Panorama.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի, ով իր դժգոհությունը հայտնեց հացի գների թանկացման վերաբերյալ: Մասնավորապես, նա նշեց, որ եթե երկու օր առաջ «Բաղրամյան 21» սուպերմարկետից հացը գնում էր 90 դրամով, ապա այսօր նույն հացը գնել է 110 դրամով: Քաղաքացու խոսքերով՝ վաճառողը խանութում նույնպես բարձրաձայն հայտարարել է, որ հացը թանկացել է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՏՄՊՊՀ-ն իրավասություն ունի վերահսկողություն իրականացնել այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Ըստ նրա՝ հացամթերքի շուկայում չկան գերիշխող տնտեսվարողներ, քանի որ այս շուկայում գործում են հարյուրավոր կամ հազարավոր տնտեսվարողներ, ուստի այն ազատ մրցակցային շուկա է և գներն այստեղ ենթակա չեն վերահսկողության:
Սակայն ՏՄՊՊՀ-ն ալյուրի շուկայում վերհսկողություն իրականացնելու իրավասություն ունի: Ըստ Գ.Սահակյանի՝ տվյալ շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում երկու խոշոր` «Ալեքս Գրիգ» (47.3%) և «Մանանա գրեյն» (34.4%) ընկերությունները: Մամուլի քարտուղարը նշեց, որ Հանձնաժողովի կողմից հունիսի 20-ին իրականացրած մոնիթորինգի տվյալներով, ալյուրի շուկայում որևէ գնային փոփոխություն չի արձանագրվել: Նրա խոսքերով՝ եթե հունիսի 13-ին բարձր տեսակի այլուրի մեծածախ գինը եղել է 226 դրամ՝ 1 կգ-ի դիմաց, ապա հունիսի 20-ին՝ 226.29 դրամ: Գ.Սահակյանը նշեց, որ օրինակ՝ «ՍԱՍ» սուպերմարկետում «Ալեքս Գրիգ» և «Մանանա գրեյն» ընկերությունների բարձր տեսակի 1 կգ-անոց փաթեթավորված ալյուրի մանրածախ գինը հունիսի սկզբին եղել է 410 դրամ, այսօր նույնպես այդ գինն է: Այսինքն, ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարի, այս պահի դրությամբ այլուրի գների հետ կապված որևէ փոփոխություն չկա:
Գ.Սահակյանը նշեց նաև, որ եթե ՏՄՊՊՀ-ն խոշոր սուպերմարկետներում արձանագրի հացի գների չհիմնավորված բարձրացում, ապա Հանձնաժողովն անշուշտ կմիջամտի: