«Իմ Հայաստան». 1500 սփյուռքահայ ելույթ են ունենալու հայ հանդիսականի առջև
Հունիսի 29-ին Երևանում մեկնարկելու է «Իմ Հայաստան» համահայկական առաջին փառատոնը, որի ընթացքում աշխարհի 20 երկրից ավելի քան 1500 սփյուռքահայ ելույթ են ունենալու հայ հանդիսականի առջև: Panorama.am-ի թղթակցին այս մասին հայտնեց փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը:
Նա տեղեկացրեց, որ «Իմ Հայաստան» փառատոնն անցկացնելու համար Սփյուռքի նախարարությունն անցած տարի դիմել էր կառավարությանը, իսկ այս տարվա փետրվարի 23-ին կառավարության ընդունված որոշմամբ (««Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին») հաստատվեց փառատոնի ծրագիրը: Ծրագրի համաձայն, հունիսի 29-ից հուլիսի 10-ն անցկացվելու են «Պարարվեստի օրեր», օգոստոսի 9-14-ը` «Երգչախմբային արվեստի օրեր», հունիսից հոկտեմբեր` անհատ կատարողների ելույթներ, սեպտեմբերի 14-18-ը` «Դուդուկի համահայկական փառատոն», հոկտեմբերի 4-6-ը` «Լրագրողների համահայկական VI համաժողով»:
«Փառատոնի անցկացման նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերումն ու համախմբումը, սփյուռքի լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարը»,- ասաց Ս. Հարոյանը: Նրա խոսքով, այս տարվա ակնկալվող բարձր արդյունքները հնարավորություն կտան փառատոնը դարձնել շարունակական` անցկացնելով գոնե երկու տարին մեկ անգամ: «Արդեն որոշում կայացվել է, որ փառատոնը լինելու է շարունակական, ուղղակի հնարավոր է ժամանակի ընթացքում որոշ սրբագրումներ անելու անհարժեշտություն լինի»,- նշեց փառատոնի ղեկավարը:
Փառատոնի մասնակիցներն իրենք են հոգալու Հայաստան գալու և մեկնելու ճանապարհածախսը, իսկ ահա փառատոնի կազմակերպիչները նրանց տրամադրում են համերգասրահ, փոխադրամիջոցներ, լուսային ու ձայնային սարքավորումներ, ապահովում են չորսօրյա կեցության պայմաններով, սննդով: «Մենք աշխատում ենք հենց այդ չորս օրվա ընթացքում կազմակերպել իրենց ելույթները: Սակայն կան խմբեր, կատարողներ, ովքեր ուզում են ավելի երկար մնալ»,- ասաց նա:
ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից, Մերձբալթյան երկրներից, Թուրքիայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից և այլ երկրներից «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնացելու են 34 պարի խումբ, 12 երգչախումբ, 30 անհատ կատարող, 12 դուդուկահար: Փառատոնային օրերին այլ միջոցառումներ ևս նախատեսված են: Ս. Հարոյանը տեղեկացրեց, որ նախատեսում են «Դուդուկի համահայկական փառատոնի» շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգում բացել դուդուկի խորհրդանշական արձան և բացման օրն էլ հայտարարել դուդուկի համահայկական օր: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերելու նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Փառատոնի ացկացման համար կառավարությունը հատկացրել է 84 միլիոն դրամ:
Փառատոնի բացումը կայանալու է Կասկադ համալիրում: Փառատոնի ղեկավարի փոխանցմամբ, բացմանը ներկա են լինելու երկրի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան