Գագիկ Հարությունյան. Լոս-Կաբոսյան հայտարարությունը նման էր նախորդներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների՝ մեքսիկական Լոս-Կաբոսում G 20-ի գագաթաժողովի ժամանակ արված հայտարարությունը գրեթե ոչնչով չի տարբերվում նմանատիպ «նախորդ հայտարարություններից»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Եթե նայեք նախորդ 2, 3 նման հայտարությունները, ապա կտեսնենք, որ կազմողները շատ մեծ փոփոխություններ չեն կատարել այդ հայտարարություններում և գրեթե բոլոր հայտարարությունները այդ նույն ձևակերպումներն ունեն: Բայց պետք է հասկանանք, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է քան բանակցության չլինելը»,- նշեց Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ միջնորդ երկրները նմանատիպ քայլերով նախևառաջ փորձում են կանխել պատերազմի հնարավոր վերսկսման հավանականությունը:
Մյուս կողմից, ըստ Գագիկ Հարությունյանի, նմանատիպ հայտարարությունները նպատակ ունեն մատնանշել հակամարտող կողմերին այն հանգամանքը, որ հիմնահարցը մշտապես գտնվում է միջազգային խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մեքսիկական Լոս-Կաբոսում G20-ի գագաթաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում մասնավորապես կոչ են արել հակամարտող կողմերին այլևս չձգձգել հիմնահարցի լուծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները