Գ. Մելիքյան. ՄԲ-ն Ադրբեջանի տարածքում միայն նավթային շահեր է հետապնդում
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միշտ էլ գերակա է եղել: Ուրիշ բան, որ որոշ պետություններ կամ գործիչներ, որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով ընտրողաբար են այդ մասին հայտարարություններ անում»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպես եք գնահատում Մեծ Բրիտանիայի վարչապետի այն հայտարարությունը, թե մենք պետք է հարգենք Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքերով, դրական է, երբ ՄԲ-ի վարչապետը խոսում է ինքնորոշման րավունքի կարևորության մասին, սակայն վատ է, երբ նման հայտարարություններ անում են միայն իրենց համար պատեհ ժամանակահատվածներում:
Հարցին, թե ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ Մեծ Բրիտանիան երբեք նման հայտարարություն չի արել, երբ խոսք է գնում ԼՂ հակամարտության մասին, չնայած ՄԲ վարչապետը առիթ ունեցել է այս թեմայով հայտարարություններ անելու համար, Գ. Մելիքյանը նշեց. «ՄԲ-ն Ադրբեջանի տարածքում միայն նավթային շահեր է հետապնդում, և նրան ձեռնտու չի ԼՂ հարցի հետ կապված շեշտել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորության մասին:
«Պարոն Քեմերոնին կհիշեցնեմ, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ինքնորոշման իրավունքն ի տարբերություն տարածքային ամբողջականության, ոչ միայն սկզբունք է, այլ նաև նպատակ ու ԼՂ հարցինանդրադարձ կատարելիս լավ կլիներ կրկին հիշել ու արտահայտվել Արցախի ժողովուրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի մասին»,- հավելեց նա: