Խորհրդաժողով՝ «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» թեմայով
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (ԳՄՀԸ-GIZ) այսօր Երևանում կազմակերպել էր «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» խորհրդաժողով: Խորհրդաժողովում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանն ու ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Մասնակցեցին նաև նախարարությունների միջազգային կազմակերպությունների, կրթական կառույցների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց գաղափարները:
Խորհրդաժողովի ընթացքում նաև ամփոփվեցին «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» եռամյա ծրագրի (2009-2012) արդյունքները, որի նպատակն էր աջակցել Հայաստանի տնտեսական դրությանը կարողությունների զարգացման աշխատանքի միջոցով:
Բացի այդ կազմակերպվեցին թեմատիկ քննարկումներ` մասնագիտական կրթության և էլեկտրոնային ուսուցման, ՄԿՈՒ կառույցների և մասնավոր հատվածի փոխգործակցության, ինչպես նաև ՄԿՈՒ համակարգի և մեծահասակների կրթության փոխկապակցվածության վերաբերյալ:
Նշվեց, որ ծրագրի շրջանակում մասնագետները վերապատրաստել են դպրոցների 20 ղեկավարների և 45 ուսուցիչների: Դպրոցի ղեկավարները զարգացրել են միջանձնային հարաբերությունների և առաջնորդության կարողությունները, իսկ ուսուցիչները սովորել են ուսուցման նոր մեթոդներ և ուսուցման գործընթացի նոր, ստեղծարար մոտեցումներ:
Ծրագրի կայունությունն ապահովելու նպատակով փորձագետները մշակել են բազմակողմանի ուսումնական ձեռնարկներ, որոնք փոխանցվել են Կրթության և գիտության նախարարությանը` ՄԿՈՒ ոլորտի ղեկավարների և ուսուցիչների կարողությունների հետագա զարգացման նպատակով:
Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ծրագրի համակարգողը եղել է կարողությունների զարգացման InWEnt կազմակերպությունը, որն այժմ ընդգրկված է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան