Բժշկական համալսարանի ուսանողները դեմ են ռեկտորի իրավահաջորդին
«Հրապարակը» գրել է, որ Դերենիկ Դումանյանի` առողջապահության նախարար նշանակվելուց հետո Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում անկումային տրամադրություն է. ռեկտորի իրավահաջորդի ով լինելն է պատճառը: «Առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, ում բոլորը կոչում են Սամվել Արծրունիչ:
Նա նախկինում ուսխորհրդի կուրատորն էր: Վերջինիս կողմնակիցները մի քանի շաբաթ է` շրջանառության մեջ են դրել, թե նրան են պատրաստվում նշանակել ռեկտոր, ինչն ահաբեկել է շատ ուսանողների: Սամվել Ավետիսյանը հայտնի է ուսանողներին վերահսկելու մոլուցքով, ուսխորհուրդը նրան պարբերաբար զեկուցում է ուսանողների պահվածքի, քաղաքական հայացքների ու ընդհանրապես իր հանդեպ վերաբերմունքի մասին, ու, դրանով էլ պայմանավորված, ոմանք հայտնվում են նրա սև ցուցակում: Դա է պատճառը, որ նա, մեղմ ասած, չի վայելում ուսանողների համակրանքը: Եվ այս օրերին բժշկականում հաճախ կարելի է լսել` «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- գրում է թերթը: