Դ. Ջամալյան. Համարժեք պատասխանը՝ մարտավարություն
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրանքների, դրան՝ հայկական կողմի արձագանքների մասին Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
-Պարոն Ջամալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք սահմանագծում տեղի ունեցող միջադեպերը:
-Վերջին տարիներին թշնամին կայուն պարբերականությամբ, նպատակաուղղված կերպով ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական ռազմաճակատի տարբեր տեղամասերում: Նախևառաջ հարկավոր է ֆիքսել իրողությունը. Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին ձեռնտու է ճակատում իրավիճակը պահել լարված և, մասնավորապես քաղաքական դրդապատճառներով պարբերաբար՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարևոր զարգացումների նախօրեին կտրուկ ապակայունացնել իրադրությունը ռազմաճակատի տարբեր տեղամասերում:
-Այս ամենի հիմքում ի՞նչ ենթատեքստեր եք տեսնում:
-Վերը նշվածն ունի թե դիվանագիտական-քաղաքական, թե քարոզչական ենթատեքստ: Այսպես. ակնհայտ է, որ Բաքուն մեծ պատերազմի պատրաստ չէ, հետևաբար այս պահին մեծ պատերազմ վերսկսելու մտադրություն չունի: Ալիևյան ռեժիմին հարկավոր է որպեսզի թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական շահերը հետապնդող տերությունների ռազմաքաղաքական վերնախավի մոտ տպավորություն ստեղծվի, թե իբր Ադրբեջանը պատրաստ է ամեն վայրկյան վերսկսել պատերազմը: Հետևաբար, Ադրբեջանին հարկավոր է ոչ թե պատերազմ, այլ պատերազմի պատրանք: Սա ադրբեջանական ագրեսիայի դիվանագիտական-քաղաքական կողմն է: Վերջինիս քարոզչական ենթատեքստը հետևյալն է. անընդմեջ կորուստներ պատճառելով՝ հայաստանյան հանրության մոտ ստեղծել զոհերի անընդհատության, հետևաբար նաև անելանելի իրավիճակի տպավորություն: Բաքվում, հավանաբար կարծում են, որ այդ կերպ հայաստանյան հանրության լայն շրջանների մոտ կձևավորվի հուսահատություն, անկումային տրամադրություններ, որոնց ֆոնին հնարավոր կլինի հասունացնել Արցախը զիջելու գաղափարը մեզանում:
Բաքվում գիտեն, որ մեզ համար զինվորն արժեք է, որ մենք շատ ցավոտ, ծանր ենք տանում մեր զինվորների կորուստը. գիտեն և փորձում են ի շահ իրենց օգտագործել այդ հանգամանքը: Այս ամենից հետևությունը մեկն է. տվյալ դեպքում գործ ունենք պաշտոնական Բաքվի կողմից որդեգրված դիվանագիտական-քարոզչական կայուն մարտավարության հետ, որը կարելի է բնորոշել իբրև պատերազմի շանտաժ. շանտաժ, որի նպատակն է բանակցություններում կորզել մաքսիմալը՝ ետ ստանալ անկախ Արցախը: Հետևաբար ի՞նչ է հարկավոր անել նման իրավիճակում: Այս պարագայում մենք ընտրության տարբերակներ չունենք. ելքը մեկն է. չտրվել շանտաժի և ապացուցել թշնամուն ու աշխարհին, որ մենք մեր ձեռքբերումների տերն ենք լինելու: Ծավալվում է նյարդերի պատերազմ, որտեղ հաղթելու է բարոյահոգեբանորեն առավել տոկունը: Իսկ մենք տոկուն չլինելու իրավունք չունենք: Շանտաժի լեզվով խոսող թշնամուն պետք է հակադրել զսպող ուժ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատամն» տրամաբանությամբ:
Ստեղծված իրավիճակում հայկական կողմի միակ հնարավոր արձագանքը՝ համարժեք պատասխանն է:
-Իսկ ի՞նչ ասել է «համարժեք պատասխան»:
-Անմիջապես ընդգծենք. տվյալ դեպքում խոսքը իմպուլսիվ վրեժխնդրության մասին չէ: Հետևաբար, «համարժեք պատասխան» ասվածը չի կարելի հանգեցնել զուտ թշնամուն պատճառված մարդկային կորուստների քանակական կողմին, ինչը խնդրի պարզունակ ընկալման հետևանք է: Այո՛ թշնամուն պետք է պատճառվեն ցավոտ կորուստներ, սակայն վերջինս «համարժեք պատասխան» ասվածի մի կողմն է միայն, և չի կարող լինել ինքնանպատակ, պահի հուզականությամբ դրդված: Այս խնդրին դեռ կանդրադառնանք ստորև:
-Այդ դեպքում, ի՞նչ խնդիր ենք լուծում «համարժեք պատասխան»-ով:
-«Համարժեք պատասխանը» տվյալ դեպքում թշնամուն զսպելու միակ հնարավոր և արդյունավետ մեխանիզմն է՝ զուտ ռազմական և քաղաքական-քարոզչական նպատակներ ենթադրող միջոցառումների ամբողջություն, բազմակողմանի մարտավարություն, որն իրենից ներկայացնելու է հրադադարի պայմաններում մեր երկրի պաշտպանվելու իրավունքի իրացում: «Համարժեք պատասխանի» մարտավարության մեջ հարկ է առանձնացնել երկու ուղղություն. ռազմական և քարոզչական-քաղաքական: Ռազմական ուղղությունն իր հերթին նպատակահարմար է բաժանել երկու՝ կանխարգելիչ և հակահարվածային կողմերի:
-Մանրամասնե՞ք:
-Կանխարգելիչ կողմը ենթադրում է մշտական բնույթ կրող այնպիսի միջոցառումներ, որոնք նվազագույնի կհասցնեն թշնամու դիվերսիոն և դիպուկահարային ակտիվությունը, հետևաբար կապահովեն նրա հանդեպ մարտավարական առավելություն ռազմաճակատի այս կամ այն տեղամասում: Հակառակորդի ակտիվությունը կաշկանդող այդպիսի միջոցառումների թվին կարելի է դասել ա. ճակատի որևէ տեղամաս առավելագույնս վերահսկելի դարձնելու, այն մեր դիրքապահների կրակի տակ պահելու նպատակով հակառակորդի հանդեպ տիրապետող հենակետերի տեղադրումը, տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, օրինակ՝ ճակատի կոնկրետ տեղամասում թշնամու դիպուկահարային կամ դիվերսիոն ուժերը ոչնչացնելը և այլն:
Հակահարվածային կողմը ենթադրում է թշնամու նախահարձակ ագրեսիվությունը զսպելուն ուղղված, և իրադրական նպատակահարմարությամբ պայմանավորված այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են.
ա. թշնամու ակտիվ կրակակետերի լռեցնելը, բ. դրանց անձնակազմի ոչնչացումը, գ. այդ կրակակետերի գրավումը և այլն:
Ինչպես վերը նշվեց «համարժեք պատասխանն» ունի ինչպես խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու, թշնամու զսպելու զուտ ռազմական, այնպես էլ հեռահար՝ քաղաքական-քարոզչական ենթատեքստ: Վերջինիս էությունը հետևյալն է. մեր համարժեք պատասխանի արդյունքում թշնամին պետք է կրի հանրային ընդվզում առաջացնող կորուստներ: Այլ կերպ ասած նման դեպքերում Հայոց բանակի համարժեք պատասխանի արդյունքը պետք է լինի այն, որ ադրբեջանական հանրության լայն շրջանները ալիևյան այս նախահարձակ ագրեսիվությունը գնահատեն իբրև արկածախնդրություն: Ասվածը ենթադրում է, որ՝ թե կանխարգելիչ և հատկապես հակահարվածային ցանկացած միջոցառում ծրագրելիս հարկ է ելնել թե° զուտ ռազմական, թե° քաղաքական-քարոզչական, այն է հակառակորդին հնարավոր առավելագույն մարդկային կորուստներ պատճառելու նպատակահարմարությունից:
Ահա կանխարգելիչ, թշնամուն բառի բուն իմաստով զսպող համարժեք պատասխանի բանաձևը: Բազմիցս նշվել է. ալիևյան ռեժիմը վախենում է հանրային ընդվզում առաջացնող մեծաթիվ և միաժամանակյա կորուստների հանգամանքից: Այն փաստը, որ թշնամու ռազմական գերատեսչությունն այս օրերին զբաղված էր իր կորուստների իրական թիվը կեղծելով, մարտական կորուստներն իբր տարաբնույթ արտակարգ պատահարների հետևանք ներկայացնելով ասվածի ուղղակի ապացույցն է, ինչը միաժամանակ հուշում է նաև, որ համարժեք պատասխանի մեր մարտավարությունը ճիշտ է ընտրված:
Հայկական կողմի այս մարտավարության իրացումն արդեն այսօր անհետևանք մնալ չի կարող: Ակնհայտ է, որ թշնամուն հասցված է ծանր բարոյահոգեբանական հարված: Վստահաբար կարելի է փաստել, որ մեր բանակի վերջին պատասխանը Ադրբեջանում հակապատերազմական տրամադրությունները խորացնելուն ուղղված կարևոր քայլ էր: Հայկական կողմի նման հակազդեցության արդյունքում Ադրբեջանում աստիճանաբար տեղի է տալիս «հզոր ադրբեջանական բանակի» առասպելը, հանրային գիտակցության մեջ ավելի է ամրապնդվում կարճ և հաղթական պատերազմի անհնարին լինելու գաղափարը: Կասկածից վեր է նաև այն, որ տեղի ունեցածը ընկճող ազդեցություն է ունենալու ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակի, և հատկապես մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի վրա: Իր կորուստների իրական մասշտաբները պաշտոնական Բաքուն սեփական հասարակությունից և հատկապես զինվորականությունից թաքցնել պարզապես չի կարող: Հիշեցնենք, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով, այս օրերին ադրբեջանական կողմը տվել է 47 զոհ: Այդ կորուստները պայմանավորել տարաբնույթ արտակարգ պատահարներով պարզապես անհնարին է: Հետևաբար ամեն նման արկածախնդրությունից հետո ագրեսորին ցավոտ, հանրային ռեզոնանս առաջացնելու ունակ կորուստներ հասցնելով է հնարավոր միայն ստիպել ալիևյան ռեժիմին հրաժարվել պատերազմի շանտաժի մարտավարությունից, դառնալ իրատես և հաշտվել առկա իրողությունների հետ:
Սա է հայկական կողմի միակ գործուն, արդյունավետ մարտավարությունը ստեղծված իրավիճակում: Միևնույն ժամանակ հարկավոր է հանդես բերել առավելագույն իրատեսություն: Քաղաքական ենթատեքստ ունեցող արկածախնդրություններից թշնամին միանգամից չի հրաժարվելու, հետևաբար հեռանկարում դրանք անխուսափելի են: Մենք այսուհետ նույնպես պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք ադրբեջանական արկածախնդրություններին: Նման իրավիճակում խոսքը կարող է լինել կտրուկ պատասխանով մի տևական ժամանակով խաղաղություն ձեռք բերելու մասին միայն: Ընդ որում որքան ցավոտ լինի հերթական հաջորդ հակահարվածը նախորդի համեմատությամբ, այնքան ավելի տևականորեն կլռի թշնամին, այնքան ավելի երկարատև կլինի անդորրը: Եվ այսպես այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական հանրության գիտակցության մեջ ամրապնդվի հետևյալ աներկբա ճշմարտությունը. ալիևյան արկածախնդրության գինը իրենց զավակների կյանքն է: Ագրեսորին հնարավոր առավելագույն կորուստներ պատճառել ենթադրող համարժեք պատասխանի մարտավարության հետևողականությամբ է, որ հնարավոր է լինելու աստիճանաբար հասունացնել ալիևյան ռեժիմի մոտ պատերազմի շանտաժի մարտավարության սնանկ լինելու, Արցախն անդառնալիորեն կորցրած լինելու գիտակցությունը: Այս օրերին այդ ուղղությամբ մի կարևոր քայլ արդեն արվել է: