«Մեզ անհրաժեշտ է բեկումնային զարգացում». Վարչապետի ելույթը` ԱԺ-ում
Այսօր խորհրդարանում կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ: Այն խմբագրությանն է տրամադրել կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Շնորհավորում եմ Ձեզ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ օրինաստեղծ աշխատանք:
Հավատում եմ, որ մեզ՝ յուրաքանչյուրիս, Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին, անկախ կուսակցական պատկանելությունից, միավորում է համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման վեհ գաղափարը։
Այսօր կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը։
Կառավարության ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցությոան նախընտրական ծրագրերի հիմնական դրույթներին համապատասխան` հաշվի առնելով նաև խորհրդարանական կուսակցությունների նախընտրական ծրագրերում ներկայացված՝ վերոնշյալ փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Նախորդ ծրագրի իրականացման տարիները մեզ համար բարդ փորձությունների, մարտահրավերների ու ձեռքբերումների ժամանակաշրջան էին։
• Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ մենք կարողացանք էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության և անհանդուրժողա-կանության դրսևորումները, որոնք, մասնավորապես, բացասական ազդեցություն էին թողնում ներդրումային և բիզնես միջավայրի վրա:
• Մեզ հաջողվեց երկրի բնականոն կյանքը զերծ պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից։ Մասնավորապես, չնախատեսված լրացուցիչ ծախսեր իրականացրեցինք` ավելացնելով առաջին անհրաժեշտության ապրանքների քանակը և պետական ռեզերվների մակարդակը:
• Բանակաշինությամբ և արտաքին ակտիվ քաղաքականությամբ ապահովեցինք մեր երկրի անվտանգությունը՝ ամրապնդելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները։ Վերջին երեք տարիների ընթացքում հանրապետություն ներկրվեց և արտադրվեց նախկինից երկու անգամ ավելի սպառազինություն:
• Մեզ հաջողվեց մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և ձևավորել ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն։
• Ճգնաժամի սուղ պայմաններում, երբ զարգացող շատ երկրներում կրճատվում էին աշխատավարձերը, թոշակները և նպաստները, մենք ոչ միայն կատարեցինք ստանձնած սոցիալական պարտավորությունները, այլև բարձրացրեցինք աշխատավարձերը, թոշակները և նպաստները, ինչը մեղմեց ճգնաժամի բացասական հետևանքները:
• Իրականացված հակաճգնաժամային ծրագրի ներքո մենք կարողացանք ներգրավել ֆինանսական միջոցներ և դրանք ուղղեցինք ենթակառուցվածքների արդիականացմանը, փոքր և միջին ձեռնարկությունների և համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորմանը՝ արդյունքում պահպանելով շուրջ 10 000 աշխատատեղ: Աղետի գոտում իրականացրեցինք լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ և 5000 անօթևան ընտանիք ապահովեցինք բնակարաններով։
• Մենք հեշտացրեցինք պետության կողմից անձանց մատուցվող բազմաթիվ ծառայությունների ստացումը՝ պետական համակարգի միջին և ցածր օղակներում զգալի կրճատելով շփումները քաղաքացիների հետ, ինչի արդյունքում էապես նվազեցին կոռուպցիոն դրսևորումները։
Այս և բազմաթիվ այլ արդյունքների ձեռքբերման մեջ էական են Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և մեր քաղաքացիների ջանքերը։
Միևնույն ժամանակ, մենք հստակ գիտակցում ենք նաև մեզանում առկա հիմնախնդիրները։ Մենք մշտապես եղել ենք բաց և թափանցիկ, ընդունել ենք արդարացի քննադատությունը, ինքներս ենք բացահայտել շատ խնդիրներ:
• Որակյալ աշխատատեղերի սակավությունը, արտագաղթը և աղքատությունը շարունակում են մնալ առաջնային լուծում պահանջող խնդիրները:§
• Մեզ դեռևս չի հաջողվել ամբողջությամբ արմատախիլ անել կոռուպցիան, ստեղծել տնտեսավարողների համար մրցակցային հավասար պայմաններ։
• Տնտեսության մեջ գերիշխող դիրքի չարաշահումը շարունակում է մնալ հաճախ հանդիպող երևույթ:
• Դեռևս ցածր է հասարակության վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ։
Կառավարության ծրագիրը նպատակ ունի լուծելու այս խնդիրները։
Հարգելի պատգամավորներ,
Այս պայմաններում մեզ անհրաժեշտ է բեկումնային զարգացում: Զարգացում, որի հիմնական գրավականը լինելու է մեր սեփական ուժերին ապավինելը և ներքին ռեսուրսների մոբիլիզացիան։
Ակնհայտ է, որ տնտեսությունում, մարդկային կապիտալում և ինստիտուցիոնալ կառույցներում մենք ունենք մեծ, չիրացված ներուժ։ Դրանից էլ բխում են մեր երեք գերակայությունները։
Առաջինը, մեր տնտեսությունը պետք է լինի մրցունակ։
Արմատական փոփոխությունը, որն առաջարկում ենք տնտեսական քաղաքականության մեջ այն է, որ այսուհետ պետությունը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն մասնակցելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականության իրականացմանը: Մասնավոր հատվածի հետ համատեղ կձևավորվի երկխոսության միասնական հարթակ: Դրա միջոցով առավել հեռանկարային յուրաքանչյուր ճյուղի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ:
Առնվազն 11 ոլորտներում, մասնավոր հատվածի հետ ստորագրվելու են համաձայնագրեր, որոնք ներառելու են մասնավորի պարտավորությունները ներդրումների մասով և պետության օժանդակության գործիքակազմը, արդյունքում կրկնապատկվելու են այդ ճյուղերում արտահանման ծավալները։
Ա.
Գործարկվելու են առնվազն երկու ազատ տնտեսական գոտիներ, որտեղ գործելու են նորարարական ձեռնարկություններ` ժամանակակից աշխատատեղերով։
Շնորհիվ ԱՊՀ-ի և Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրերի` հայկական ապրանքների և ծառայությունների համար բացվելու են նոր շուկաներ։
Ստեղծելու ենք վենչուրային հիմնադրամ, որը խրախուսելու է նորարարական բիզնեսները։
Ապահովելու ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանում։ Դրամաշնորհների միջոցով խրախուսելու ենք ուսումնական հաստատությունների և արտադրողների կապը:
Կառավարությունն ստեղծելու է նպաստավոր միջավայր Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի ներգրավվածության ավելացման և ներդրումների խրախուսման համար:
Զբոսաշրջության ոլորտում կառավարությունն ապահովելու է ենթակառուցվածքների զարգացում։ Մասսայական տուրիզմի զարգացման նպատակով խրախուսելու ենք հյուրանոցային ցանցի ընդլայնումը, միջազգային հեղինակավոր բրենդային ցանցերի ներգրավումը, զբոսաշրջային տների համակարգի զարգացումը։
Բ.
Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է:
Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի շահավետ, իսկ գյուղում ապրելը` հարմարավետ։
Շարունակվելու է պետության օժանդակությունը գյուղատնտեսությանը։ Առավել մատչելի ենք դարձնելու պարարտանյութը, վառելիքը, գյուղտեխնիկան և սերմերը։
Սուբսիդավորելու ենք գյուղական վարկերի տոկոսադրույքները։
Ներդրվելու են սննդամթերքի անվտանգության եվրոպական չափանիշները, ուժեղացվելու է վերահսկողությունը, որպեսզի հայկական մթերք սպառողը վստահ լինի, որ այն անվտանգ է և բարձրորակ։
Առնվազն երեք անգամ ավելացնելու ենք ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները։
Գյուղական դպրոցների և ճանապարhների շինարարությունն ունենալու է առաջնահերթ ֆինանսավորման կարգավիճակ։
Զգալի միջոցներ ենք հատկացնելու գյուղը խմելու ջրով, գազով, ոռոգման ջրով, հեռախոսակապով, կայուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։
Գ.
Չի կարող լինել մրցունակ տնտեսություն և մրցունակ պետություն, որի մեջ երաշխավորված չէ փոքր և միջին բիզնեսի էական դերակատարությունը։
Փոքր և միջին բիզնեսի համար ձևավորվելու է պարզեցված հարկային դաշտ։
Շարունակելու ենք ՓՄՁ-ներին տրամադրել ֆինանսական և տեխնիկական օժանդակություն։
Առաջին անգամ կառավարությունը նպատակաուղղված տեխնիկական և ֆինանսական օժանդակություն է տրամադրելու սկսնակ փոքր և միջին բիզնեսին։
Խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների սահմանմամբ պաշտպանելու ենք փոքր և միջին բիզնեսի շահերը։
Իրականացնելու ենք տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարմանն ուղղված միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ օգտագործել մեր երկրի պոտենցիալը:
Երկրորդ գերակայությունը մարդկային կապիտալի զարգացումն է:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա կերտելու իր երջանկությունը հայրենիքում։
Կառավարությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել կայացման և ինքնադրսևորման լայն հնարավորություններ։
Արտագաղթի կանխարգելման լավագույն միջոցն աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի և արդարության ապահովումն է։
Ա.
Սոցիալական ոլորտում քաղաքականության փոփոխությունը միտված է լինելու անհավասարություն ծնող պատճառների վերացմանը։ Առաջին հերթին, դա նշանակում է խոցելի խավերի համար հասանելի դարձնել կրթությունն ու աշխատանքը։
Ստեղծելու ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ, որի նպատակն է լինելու դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց, ըստ կարիքի, սոցիալական համալիր ծառայությունների տրամադրումը «Մեկ պատուհան» սկզբունքի միջոցով: Ընդ որում, ծառայությունները ներառում են աշխատանքի տեղավորում, մասնագիտական վերապատրաստում, իրավաբանական խորհրդատվություն, խնամք և այլն։
Ներդրվելու է կուտակային կենսաթոշակային համակարգ, որը երաշխավորելու է ապահով և արժանապատիվ ծերություն: Քաղաքացիների կենսաթոշակային-կուտակային հաշիվների միջոցները պետության կողմից կրկնապատկվելու են:
Հետևողականորեն շարունակվելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը:
Իրականացնելու ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որը նախատեսում է նաև մատչելի վարձակալական հիմունքներով բնակարանների տրամադրում անապահով խավերին։
Բ.
Հարգելի պատգամավորներ,
21-րդ դարում մրցունակ պետություն նշանակում է կրթված հասարակություն։ Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծելու է կրթության հնարավորություն` անկախ նրա սոցիալական վիճակից և տարիքից։
Ուշադրության կենտրոնում ենք պահելու կրթության որակը։ Երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում ենք կատարելու երաշխավորված անվճար տասներկուամյա, ներառյալ մասնագիտական, կրթությանը։
Անապահով խավերի համար կրթությունը դարձնելու ենք անվճար՝ ներառյալ բարձրագույնը։
Յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտի տրամադրելու ենք անվճար համակարգիչ։
Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը` միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը։
Վերանայվելու է բուհական ընդունելության համակարգը՝ աստիճանաբար վերացնելով ընդունելության քննությունները։ Այսինքն, բուհ ընդունվելը կլինի հեշտ, ավարտելը` դժվար։
Գիտության ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ համատեղ, նորարարությունների և հետազոտությունների ոլորտներում շարունակվելու են իրականացվել պետական ներդրումներ։
Գ.
Առողջապահության ոլորտում մեր նպատակն է ապահովել ծառայությունների հասանելիությունն ու որակը։
Պետպատվերի շրջանակներում, որոշ հիվանդությունների և սոցիալապես անապահով խավերի համար, աստիճանաբար ներդնելու ենք բժշկական ապահովագրության ինստիտուտը։
Շարունակվելու է մարզային բժշկական հաստատությունները վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները։
Երաշխավորվելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
Դ.
Բնապահպանության ոլորտում կառավարության քաղաքականության առանցքը կյանքի որակի բարձրացումն է:
Ուժեղացնելու ենք պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ՝ օդի, ջրի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր որակական չափանիշների սահմանմամբ։
Խստացնելու ենք ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը։
Բացառելու ենք Երևանի կենտրոնում մայրաքաղաքի պատմությանն ու նկարագրին անհարիր կառուցապատումները։
Ե.
Մշակութային քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու նոր՝ հասարակության կողմից պահանջված, ազգային տիպարների ձևավորմանն ու լայն տարածմանը, որոնք օգնելու են մեզ ձերբազատվել կեղծ արժեքներից և հայի նկարագրին ոչ բնորոշ հատկանիշներից։
Պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստասերիալների միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը։
Նախատեսվում է ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցում, ինչպես նաև ազգային ավանդույթների ու մշակույթի դասընթացների ներմուծում` կրթական ծրագրերում։
Զ.
Ժողովրդագրական քաղաքականության ներքո կանխելու ենք հասարակության ծերացման միտումը, կանխարգելելու ենք արտագաղթը, խթանելու ենք ծնելիության աճը, սատարելու ենք հայրենիք վերադառնալ ցանկացողներին:
Երիտասարդ նորապսակները ստանալու են արտոնյալ վարկեր բնակարան ձեռք բերելու համար։
Երկու երեխա ունեցողներն ստանալու են 1 մլն դրամ` երրորդ և չորրորդ երեխայի համար, և 1.5 մլն դրամ` 5-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ:
Մինչև 10 տարեկան երեխաների բուժումը, այդ թվում` հիվանդանոցային, լինելու է անվճար:
Մեծացնելու ենք սփյուռքի ներգրավվածությունը մարդկային կապիտալի զարգացման գործընթացում։
Երրորդ գերակայությունն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է:
Հասարակությունը մեզանից պահանջում է հաստատել արդարություն մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Եվ մենք դա անելու ենք։
Արդյունավետ ինստիտուտները խթաններ են ստեղծում մարդկանց կարողությունները լիարժեք իրագործելու համար: Ինստիտուտների բարեփոխումները բացահայտելու են տնտեսական աճի ներուժը, ապահովելու են տարբեր անձանց և սոցիալական խմբերի միջև տնտեսական օգուտների արդար բաշխումը։
Ա.
Գործարար կարողությունների ազատ դրսևորումն ու ներդրումների աճն անհնար է առանց արդար մրցակցային դաշտի առկայության: Հայաստանի Հանրապետությունում գերիշխող դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսների կողմից մրցակցության խաթարումը հանդիսանում է տնտեսության կայուն աճի խոչընդոտ: Առանց մրցակցության ոլորտում արմատական փոփոխությունների` անհնար է կառավարության տնտեսական ծրագրի իրագործումը:
Էապես ուժեղացնելու ենք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասություններն ու գործիքակազմը։
Վերացնելու ենք շուկա մուտք գործելու խոչընդոտները` ապահովելով հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար։
Բ.
«Կարգավորման Գիլյոտին» ծրագրի միջոցով շարունակելու ենք վերացնել անտեղի վարչարարական խոչընդոտները, կրճատելով բիզնեսի ծախսերն ու ռիսկերը։
Բոլոր ստուգող մարմիններում լիարժեք ներդրվելու է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգը, բարձրացվելու է նշված գործընթացների թափանցիկությունը, իսկ տեսչական մարմինների թիվը կրճատվելու է երկու անգամ։
Կտրուկ ավելացնելու ենք պետական ծառայությունների տրամադրումը էլեկտրոնային եղանակով՝ դրանով իսկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
Ներդնելու ենք պաշտոնյաների վարձատրության միասնական և արդարացի համակարգ, ավելացնելու ենք սոցիալական փաթեթից օգտվողների թիվը։
Գ.
Հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ, ունենան կարողություններ` ստվերային տնտեսության կրճատման համար և նպաստեն բիզնես միջավայրի բարելավմանը։
Մաքսային արժեքի որոշումը և մաքսազերծման գործընթացը համապատասխանեցնելու ենք եվրոպական չափանիշներին և կառուցելու ենք ժամանակակից սահմանային անցակետեր։
Դ.
Պաշտպանության, հասարակական կարգի պահպանման, անվտանգության և արդարադատության ոլորտներում կառավարության ծրագրերի կիզակետը լինելու է հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության մակարդակի բարձրացումը: Մեր քաղաքացիները պետք է զգան, որ ապրում են պաշտպանված, ապահով և անվտանգ երկրում:
Հասարակության մեջ ամրապնդելու ենք զինվորական պարտադիր ծառայության ինստիտուտի նկատմամբ հարգանքը՝ բանակում սոցիալական և կրթական պայմանների շարունակական բարելավման միջոցով։
Զորացրվողներին ապահովելու ենք աշխատանքով և ուսման արտոնյալ հնարավորություններով։
Կառավարությունն էապես խստացնելու է իրավապահ մարմինների ծառայողների կողմից անձի իրավունքների խախտման համար պատասխանատվությունը:
Առավել խիստ պահանջներ ենք սահմանելու դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և բարոյական նկարագրի նկատմամբ։
Հարգելի պատգամավորներ,
Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ կառավարությունն ապահովելու է նախորդ ծրագրի շարունակականությունը՝ իրականացնելով ճգնաժամի պատճառով հետաձգված միջոցառումները։
Գյումրու Տեխնոպարկում հիմնված և գործող հինգ լաբորատորիաների կողքին սկսվել են Տեխնոպարկի նոր շենքի շինարարական աշխատանքները։
Դիլիջանում կենտրոնական բանկի նորակառույց մասնաշենքի և հարակից ենթակառուցվածքների գործարկումն էապես նպաստելու է մոտ ապագայում ֆինան-սական կենտրոնի ձևավորմանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության պատվերով մեկնարկել են ռադիոիզոտոպային արագացուցչի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվելու են երկու տարվա ընթացքում և Երևանում կգործի գերժամանակակից օնկոլոգիական ախտորոշման կենտրոն։
Այս տարի մեկնարկել են ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մեծածավալ շինարարական աշխատանքները։
Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքների բանակ¬ցային փուլն ավարտված է և մշակվում է ֆինանսական ներդրումների ճանապարհային քարտեզ։
Հարգելի պատգամավորներ,
Կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
• զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,
• ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
• նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
• նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
• ծնելիության գումարային գործակցի աճ` մինչև 1.8-ի,
• 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,
• միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,
• աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
• 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածություն ունեցողների թիվը կավելանա 30-50 հազարով,
• պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:
Հարգելի պատգամավորներ,
Ազգային Ժողովի ընտրությունները ցույց տվեցին, որ այս ծրագրում արտացոլված դրույթները պահանջված են հասարակության կողմից և խիստ արդիական։
Մենք հետևողականորեն գնում ենք փոփոխությունների ճանապարհով։ Արագ փոփոխովող աշխարհում մեզ սպասում են նոր մարտահրավերներ և նոր խնդիրներ։ Դրանց լուծումները նույնպես պահանջում են նոր մոտեցումներ։
Անփոփոխ են մնալու միայն արժեքները՝ հայրենասիրությունը, ազնվությունը, արդարությունը, աշխատասիրությունը, նվիրվածությունը և հանդուրժողականությունը։
Այս արժեքներն են, որ ապահովելու են մեր առաջընթացը։
Խոսքս ցանկանում եմ ավարտել Հանրապետության Նախագահի հետևյալ մտքով։
«Նոր Հայաստան կերտելու պատմական հնարավորությունը մեր ձեռքերում է, առանց չափազանցության` մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում: Եվ մենք դա անելու ենք»»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա