Փաստաբանների գործադուլը դրական արդյունքներ տվեց. Ռուբեն Սահակյանի կարծիքը
Դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախագահի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բարձրացվել է նաև փաստաբաններին հուզող խնդիրները:
«Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են օրենսդրական բացերով, որոնք թույլ չեն տալիս հստակ գործել Վճռաբեկ դատարանին իր որոշումները կայացնելիս իրավական որոշակիություն մտցնել դրանցում: Հանրապետության նախագահը հանձնարարություն տվեց, որ որոշակի փոփոխություններ մտցվեն դատաիրավական բարեփոխումների ծրագրում, որպեսզի այդ խնդիրները լուծվեն», -այսօր նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ խորհրդակցության ժամանակ առաջարկվել է մինչև սեպտեմբեր քննարկել բոլոր հարցերը, անհրաժեշտ միջոցառումներ մշակել և հասնել նրան, որ փաստաբանները նման բողոքի ակցիաներ կատարելու անհրաժեշտություն չունենան:
Հիշեցնենք` հանրապետության 540-ից ավել փաստաբաններ մեկօրյա դատադուլ-գործադուլ էին հայտարարել և իրենց հուզող խնդիրների վերաբերյալ Վճռաբեկ դատարանին կոնկրետ առաջարկներ էին ներկայացրել:
Ճեպազրույցից հետո Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ փաստաբաններին հուզող խնդիրների լուծում է նշմարվում, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ փաստաբանների գործադուլն իր դրական արդյունքը տվեց` ով ինչպես մտածի, ես այդպես եմ կարծում: Եթե ոչ մի քննարկում չլիներ, դատավորները կմտածեին մի քիչ այլ ձևով աշխատել»:
Սահակյանի խոսքով, լուծումներ միշտ էլ կան, ցանկություն է պետք դրանք լուծելու համար: «Կարծում եմ, որ այս քննարկումը այդ ցանկությունն առաջացրեց բոլորի մոտ», -հավելեց ՓՊ նախագահը:
Եթե այսպես շարունակվի, հացադուլն անխուսափելի կլինի. 540-ից ավելի փաստաբաններ դիմում են գրել Վճռաբեկի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում