Ա. Սաքունց. Ընտրական հանձնաժողովների կողմից կամք չի եղել` դիմագրավելու ընտրական խախտումները
«Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել 64 ընտրական տեղամասերում, որն ընդգրկել է Երևան քաղաքի 7-րդ ընտրատարածքը, Վանաձոր քաղաքը և մի քանի տեղամասեր Գյումրիում ու Տավուշի մարզում: Կարևորվել է այն, թե որքանով են ապահովվել նախապայմանները, որպեսզի ընտրազանգվածի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների մոտ ձևավորվի վստահություն, որ իշխանություններն իրապես ունեն կամք` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար»,- անդրադառնալով մայիսի 6-ին կայացած ընտրությունների ժամանակ իրենց կողմից իրականացված դիտարդական առաքելությանն ու կազմված զեկույցին` լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Բանախոսը նշեց մի քանի խնդիրներ 2008 թվականի հետընտրական գործընթացների և մարտի 1-ի դեպքերի հետ կապվա և հավելեց. «Մինչ ընտրություններն այդպես էլ իրավական գնահատական չտրվեցին և չբացահայտվեցին 10 սպանությունները և մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին: Գտնում ենք, որ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկատարեցին Եվրոպայի Խորհրդի ԽՎ 1609, 1620, 1648 և 1677 բանաձևերում ամրագրված պահանջները»:
Ա. Սաքունցը նշեց, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ստեղծվեց Օպերատիվ շտաբ, բայց «Այդ շտաբի կողմից ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված ոստիկանության գործողություններ այդպես էլ չտեսանք»,- հավելեց նա:
Անդրադառնալով ընտրական հանձնաժողովների աշխատանքին, Ա. Սաքունցը հայտարարեց. «Ընտրական հանձնաժողովների կողմից կամք չի եղել դիմագրավելու, կանխարգելելու ընտրական խախտումները:
Ընտրական հանձնաժողովների նախագահները և որոշ անդամներ գտնում էին, որ իրենք քվեարկության սենյակից դուրս ընդհանրապես որևէ գործառույթ չունեն անելու»:
Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ ընտրական հանձնաժողովի նախագահը դիտորդին ասել է` «Ես ուզում եմ այսօր կենդանի տուն վերադառնալ: Դրա համար աշխատենք կանխարգելել քվեարկության սենյակում եղածը, թե ինչ կլինի այդ սենյակից դուրս` կուտակումներ կլինեն, թե ուղղորդված հոսք, եկեք դրա մեջ չխառնվենք»,- ասաց Սաքունցը և հավելեց.
«Այսինքն թվում էր, թե քվեարկության սենյակում փորձում են ապահովել հանդարտ ընտրական պրոցես, բայց ամբողջ ընտրական գործընթացի վրա մեծ ազդեցություն է ունեցել դրսում տեղի ունեցածը»:
«Մենք գտնում ենք, որ 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունները չեն եղել ազատ և արդար: Ավելին, գտնում ենք, որ վերը թվարկված գործոնները էական ազդեցություն և բացասական նշանակություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Մենք գտնեւմ ենք, որ ընտրական գործընթքացները չեն արտահայտել ընտրողների ակնկալիքները»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը: