Ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձան նաև Գավառում և Վարդենիսում
Շարունակական կրթության արդի պահանջները բուհական միջավայրում իրականություն դարձնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը հերթական անգամ դրսևորվում է ծրագրային աջակցության տեսքով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կրթական բարեփոխումների պարտադիր պայման է համարում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածումը:
Ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 20 համակարգչով լսարան, լազերային տպիչ, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչ, փոխանջատիչներ և Wi-Fi անկյուն. ուսումնական գործընթացների պահանջներից բխող տեխնիկական այսպիսի հագեցվածություն կունենա Գավառի պետական համալսարանը: Ավելի վաղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է համալսարանին` մասնաշենքերի միջև օպտիկամանրաթելային մալուխի միջոցով ինտերնետային հաղորդակցության ներքին ցանց ստեղծելու հարցում:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սարքավորումներ է տրամադրել նաև «Վիկտոր Համբարձումյանի» անվան Վարդենիսի մանկավարժական ինստիտուտին: Այստեղ, 5 համակարգչով ինտերնետ հասանելիությամբ լսարանից բացի, համացանցային կապ կգործի նաև գրադարանում: Տրամադրված արժեքավոր մյուս սարքավորումների ցանկում դարձյալ ընդգրկված են լազերային տպիչը, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչն ու փոխանջատիչները:
«Տեղեկատվական դարաշրջանում կրթության հանդեպ ընդգծված ուշադրությունը բխում է երկրի զարգացման հրամայականից: Դա ենթադրում է աշխատանքային և սոցիալական առավել հարմար միջավայր, ինչպես նաև հուսալի և արդյունավետ ենթահամակարգերի առկայություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում ուսումնառության արդյունավետության և որակի բարձրացումը: Այս ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` համալսարանների հետ համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություն: